Աշխարհի մեծերը հայերի մասին. ՌԻՉԻՈՏԻ ԳԱՐԻԲԱԼԴԻ

Իտալացի գեներալ, սենատոր Ռիչիոտի Գարիբալդին (1847-1927) Իտալիայի ազգային հերոս Ջուզեպպե Գարիբալդիի կրտսեր որդին է: Նա բազմիցս որպես զինվոր կռվել է հոր հետ կող-կողքի: 1870-ին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ կռվել է Ֆրանսիայի կողմից:
1887-1890-ին եղել է Իտալիայի խորհրդարանի անդամ:
1897-ին Ամիլգար Չիպրիանիի հետ գարիբալդիական 1300 մարտիկների գլուխն անցած հույն-թուրքական պատերազմի ժամանակ կռվել է թուրքերի դեմ:
1912թ. Բալկանյան պատերազմի ժամանակ նա իր երեք որդիների հետ, շարունակելով Գարիբալդիների ընտանիքի ավանդույթը, ստեղծել է նոր 1200 հոգանոց ջոկատ և մարտնչել հանուն Հունաստանի:
«Հայերն այսօր»-ն իր ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում նրա խոսքը՝ ուղղված «Դրօշակ»-ին /1899, N3, էջ 34/:
ԶԵՆՔԸ ՁԵՌՔԻՆ
Խաղաղության խորհրդաժողովին դիմելը բացարձակապես անօգուտ եմ կարծում: Այդ ժողովը հրավիրվում է ռուս ինքնակալի նախաձեռնությամբ, ով խաղաղություն քարոզելու իսկ պահին ջնջում է իր ընդարձակ կայսրության մեջ գոյություն ունեցող նվազագույն իսկ ազատությունը (ուզում եմ նշել Ֆինլանդիայի օրինակը). այդ իրողությունը մի ապացույց է, որ նրա առաջարկության տակ մի ծուղակ է թաքնված ի վնաս ժողովուրդների արդարության, ազատության և անկախության:
Եթե հայերը, ինչպես և մյուս ժողովուրդները, որոնք այսօր կրում են Թուրքիայի բռնության լուծը, ուզում են ազատ լինել, արդարության և մարդկայնության այդ գործը պետք է պահանջեն զենքը ձեռքերին:
Եվրոպական դիվանագիտությանը միայն այդ կերպ կարելի է ստիպել, որ լսի թշվառ ժողովուրդների ձայնը:
Այդպես լինելու դեպքում ես և իմ բարեկամները մեզ կդնենք դժբախտ հայ ժողովրդի տրամադրության տակ, որի հետ է մեր ամբողջ համակրությունը:
Միշտ հավատացեք անկեղծ բարեկամությանս:
Հռոմ, 27 մարտի, 1899
Ռիչիոտի Գարիբալդի
Աղբյուրը՝ ՍԵՎ ԳԻՐՔ /ՆՇԱՆԱՎՈՐ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՃԻՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ/