Հայամետ Փոլ Ռայանն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ
Վիսկոնսին նահանգը ներկայացնող Հանրապետական Փոլ Ռայանն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Փոլ Ռայանի ընտրությունը որպես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 62-րդ խոսնակ և հույս հայտնել, որ առաջիկա ամիսներին ու տարիներին համագործակցության հնարավորություններ կստեղծվեն:
Փոլ Ռայանը շարունակաբար աջակցել է հայկական խնդիրների բարձրացմանը Կոնգրեսում, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման նախաձեռնություններին:
Ռայանը համահեղինակել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող Կոնգրեսի հինգ բանաձև: Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակը հայկական խնդիրների առնչությամբ նաև մի շարք նամակներ է ստորագրել ուղղված ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին և նախկին Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին: