Դինքի սպանության գործով մեղադրվող թուրք պաշտոնյաներին 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում
Պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության մասին տեղյակ եղած և այն չկանխած թուրք պետական ծառայողների գործով քննության ընթացքում դատախազ Գյոքալփ Քյոքչուի կողմից պատրաստված մեղադրական եզրակացությունը ներկայացվել է Ստամբուլի գլխավոր դատախազությանը, ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է «Ակօս»-ը:
Մեղադրական եզրակացության մեջ Տրապիզոնի ոստիկանության հետախուզության նախկին պետ Էնգին Դինչի, սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշեթ Ալթայի և այդ ժամանակահատվածում Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ահմեթ Իլհան Գյուլերի նկատմամբ կանխամտածված սպանությանն աջակցություն ցուցաբերելու մեղադրանքով 20-25 տարվա ազատազրկում է պահանջվում։
Ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ռամազան Աքյուրեքի, բաժնի պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի համար դատախազը ցմահ ազատազրկում է պահանջում:
Սպանության տարում Ստամբուլի ոստիկանապետ Ջերահեթթին Ջերրահն ու Հետախուզության պետ Սաբրի Ուզունը դատարանի առաջ կկանգնեն պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։
Մեղադրական եզրակացության մեջ Ռամազան Աքյուրեքի, Ալի Ֆուաթ Յըլմազերի, Էնգին Դինչի, Ահմեթ Իլհան Գյուլերի, Ռեշաթ Ալթայի հետ միասին ընդհանուր առմամբ 25 պաշտոնյաների դատելու պահանջ է ներկայացվում։
Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին։