Թուրքական մեջլիսի հայ պատգամավորը նշում է, որ կուսակցության նախընտրական ծրագրում ցեղասպանությունների հետ առերեսվելու մասին կետ կա

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ հայազգի Գարո Փայլանը հայտնել է, որ կուսակցության նախընտարական ծրագրի մեջ ցեղասպանությունների հետ առերեսվելու մասին կետ կա։
Ըստ ermenihaber.am-ի՝ թուրքական «pressturk» լրատվական կայքում հրապարակված հարցարույցում Փայլանն ընդգծել է, որ նախընտրական ծրագրում Հայոց ցեղասպանություն արտահայտությունը չի հայտնվել զուտ այն պատճառով, որ կան նաև ասորիների, պոնտացի հույների ցեղասպանությունները։ «Մենք մեր ծրագրում նշում ենք, որ բոլոր ցեղասպանությունների հետ առերեսվելու համար պետք է ստեղծվեն համապատասխան հանձնաժողովներ և պետությունը պետք է ներողություն խնդրի»,- հավելել է Փայլանը։
Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայազգի պատգամավորն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ ԺԴԿ-ի կոնգրեսի որոշումը կա, բացի այդ այն ներառված է նաև կուսակցության կանոնադրության մեջ։
Փայլանը հիշեցրել է, որ ԺԴԿ համանախագահ Սելլահաթին Դեմիրթաշը բազմիցս արտահայտել է Հայոց ցեղասպանության մասին իր տեսակետը։ «Իմ կուսակցությունը գիտի, որ Հայոց ցեղասպանություն ասելով քվե չի շահում։ Չնայած դրան առերեսվելը մեր սկզբունքների հիմքում է, և գիտենք, որ առանց առերեսվելու չենք կարողանալու դատապարտել գոյություն ունեցող չար մտածելակերպը»,-ասել է Փայլանը՝ հավելելով, որ այն աղետը, ինչի միջով անցել է հայ ժողովուրդը, ցեղասպանություն է կոչվում։