Հայ երիտասարդը հեծանիվով 1000 կիլոմետր ճանապարհ է անցել Հայաստանում եւ Արցախում

Անգլիայում բնակվող Ռաֆի Յուրեջյանը հեծանիվով 1000 կիլոմետր ճանապարհ է անցել Հայաստանում եւ Արցախում՝ իր արկածները ներկայացնելով գրքում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ռաֆին ասաց, որ «Tour de Armenia»-ում պատմում է Հայաստանում տեսած «լավ եւ վատ, հումորային եւ լուրջ բաների մասին եւ թե ինչպես ամեն տեղ փորձում էին ամուսնացենել իրեն»։
«Ես Լոնդոնում եմ ապրում եւ ուզում էի ամբողջ Հայաստանը տեսնել։ Գրել եմ լավ եւ վատ բաների մասին, բայց ավելի շատ գյուղերի պարզ ու բարի մարդկանց մասին, ովքեր օգնում էին ինձ»,-նշեց Ռաֆին՝ հավելելով, որ սա իր թվով չորրորդ այցն էր պատմական Հայրենիք։
«Առաջին երեք անգամները բարեգործական խմբի հետ էի եկել, ամառային ճամբար էինք կազմակերպել երեխաների հետ։ Չկարողացա շատ շրջել Հայաստանով, սակայն միշտ ցանկացել եմ, եւ այդ պատճառով որոշեցի կրկին գալ ու շրջել հեծանիվով»,-պատմեց ճանապարհորդը, ով շուրջ 50 երկրում է եղել։
Պատասխանելով մեր հարցին, թե ինչ նոր բացահայտումներ է արել նա Հայաստանում, Ռաֆին նշեց.
«Շատ բաներ՝ Հայաստանի գեղեցկությունները, իմ պատմությունը սիրուն վանքերի մեջ եւ թե որքան բարի մարդիկ կան, որ ուրիշ տեղ չես տեսնի»։
«Tour de Armenia» գիրքն անգլերենով լույս է տեսել մոտ մեկ տարի առաջ, այն թարգմանվել է նաեւ բուլղարերեն, ֆրանսերեն, ինչպես նաեւ հայերեն, որն այժմ սրբագրման փուլում է։
Զրուցեց Շուշան Շատիկյանը
Լուսանկարները՝ Ռաֆի Յուրեջյանի