Հայաստանում վերականգնված եկեղեցին՝ օրինակ Նոր Զելանդիայի համար

Նոր Զելանդիայից ակտիվիստը Հայաստան է այցելել՝ համոզվելու համար ավերված տաճարները վերականգնելու անհրաժեշտության մեջ, գրում է News.am-ը:
Ջեֆրի Ռաթբունը Քրայսթչերչի անգլիկան Մայր տաճարը վերականգնելու կոչով հանդես եկող ակտիվիստներից է: Եկեղեցին ավերվել է 2011 թվականին, երկրաշարժի հետեւանքով:
Ըստ 3news.co.nz-ի, Ռաթբունը Գյումրիում սեփական աչքերով տեսել է ավելի քան 27 տարի առաջ ավերված եկեղեցին, որի վերանորոգումն ավարտին է մոտենում:
«Քաղաքի բնակիչները նույնքան կապված են այդ եկեղեցուն, որքան մենք: Եկեղեցին ցանկանում էր վերականգնել այն, չնայած բավականաչափ միջոցներ չուներ: Բայց նրանք լի էին գումար գտնելու եւ շինարարությունը սկսելու վճռականությամբ»,- ասում է Ռաթբունը:
Նա Հայաստանից իր եպիսկոպոսի եւ քաղաքապետի նամակներն է տարել Նոր Զելանդիա, որոնք աջակցություն են հայտնում Մայր տաճարի վերականգնմանը: Ակտիվիստը պատրաստվում է դրանք ներկայացնել Քրայսթչերչի քաղաքապետին եւ եկեղեցու ներկայացուցիչներին: