Լավագույն համալսարանների գիտնականները՝ Կոլորադոյում Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը (SAS) նախատեսում է միջազգային գիտաժողով կազմակերպել «Հայոց ցեղասպանության ազդեցությունը» թեմայով:
Գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Կոլորադո նահանգում: Նույն օրը կանցկացվի նաև ընկերակցության 41-րդ ամենամյա հանդիպումը, Massis Post-ին հղումով գրում է Tert.am-ը:
Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ միջազգային լավագույն համալսարաններից` Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից, ՄԹ Լանքաթերի, Օքսֆորդի, Կալիֆորնիայի համալսարաններից և այլն:
Կոլորադոյի նահանգի Ընդհանուր ժողովը 2011-ի նստաշրջանի ընթացքում ընդունել է Սենատի 11-035 միացյալ բանաձևն ապրիլի 24-ն այսուհետ «Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հայտարարելու վերաբերյալ:
Փաստաթղթում կոչ է արվում Թուրքիային հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, փոխհատուցել քրիստոնեական ավերված եկեղեցիների, վանքերի, դպրոցների, հուշարձանների, սրբավայրերի և կրոնական այլ ունեցվածքի համար, թույլ տալ քրիստոնեական եկեղեցիների եւ այդ ունեցվածքի օրինական տերերին պահպանել, վերակառուցել եւ վերականգնել այդ ունեցվածքը, ինչպես նաեւ թույլ տալ ազատորեն և առանց խոչընդոտների կամ սահմանափակումների կազմակերպել աղոթքներ, պաշտամունքի, կրթական, կրոնական համայնքների հավաքներ: