Բունդեսթագը սառույցին գրեց Հայոց ցեղասպանության բանաձեւը. Der Spiegel

Գերմանիայի Բունդեսթագում բուռն քննարկումների տեղիք տված Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի վերջնական ընթերցումն անորոշ ժամկետով հետաձգվել է։ Այս մասին news.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է գերմանական Der Spiegel պարբերականը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները։
«Քրիստոնեա-դեմոկրատական միություն եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական միություն իշխող կուսակցությունների կոալիցիան համաձայնության է եկել բանաձեւի վերջնական ընթերցումը անորոշ ժամկետով հնարավորինս հետաձգելու հարցում»,- փոխանցում է պարբերականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն ասել էր, որ ներկայումս Գերմանիայի խորհրդարանի օրակարգում դրված է փախստականների խնդիրը, ուստի դժվար է ասել, թե երբ տեղի կունենան Հայոց ցեղասպանության բանաձեւի լսումները։
Հիշեցնենք, որ Բունդեսթագում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ներկայացված բանաձեւի շուրջ բուռն քննարկումներ էին տեղի ունեցել։ Կանաչները եւ Ձախերը, որոնք խորհրդարանում փոքրամասնություն են կազմում, առաջ են քաշել բանաձեւի իրենց տարբերակը, որում օգտագործվում է ցեղասպանություն եզրը, եւ որն օգտագործվում է հենց վերնագրում։ Մինչդեռ իշխող կոալիցիայի ներկայացրած բանաձեւն ավելի խուսափողական սահմանումներ է տալիս։ Նշենք, որ Բունդեսթագի խոսնակ Նորբերթ Լամերթը այդ քննարկումների ժամանակ 1915թ. կատարվածը ցեղասպանություն էր որակել։ Քննարկումներից հետո բանաձեւն ուղարկվել էր Արտաքին գործերի հանձնաժողով՝ հետագա մշակումների համար։