Հորդանանի թագավորական ընտանիքի լուսանկարիչները հայեր են. Րաֆֆի Բոյաջյանը՝ Հորդանանում ապրող հայերի մասին

Հորդանանի Հաշիմյան թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի լուսանկարիչները ազգությամբ հայ են: Լուսանկարիչներից մեկը՝ Րաֆֆի Բոյաջյանն այս օրերին Հայաստանում է: Վերջինս մյուս լուսանկարչի՝ Զոհրապ Մարգարյանի օգնականն է, որը 22 տարի շարունակ աշխատում է որպես թագավորի անձնական լուսանկարիչ:
Րաֆֆի Բոյաջյանը Aravot.am-ին պատմեց, որ թագավորը իր անձնական լուսանկարները, ընտանեկան արարողությունների, հարսանիքների նկարները միայն վստահում է իրենց:
Հորդանանում 1971 թվականին ծնված լուսանկարիչն ասաց, որ ինքը 2000 թվականին վերցրել է նաեւ Հայաստանի անձնագիր: Այդ ժամանակ լսել է, որ Հայաստանի կառավարությանը անձնագիր է տալիս դրսի հայերին ու քանի որ Հորդանանում հայկական դեսպանատուն չի եղել, անձնագիրը վերցրել է Դամասկոսից: Սկզբում 10 տարի ժամանակով են անձնագիր հատկացրել, բայց հետո իմացել է, որ անժամկետ են տալու ու անմիջապես դիմում է տվել:
«Ինձ համար շատ մեծ հաճույք էր, որ 2000 թվականին առաջին անգամ Երեւան այցելելիս Հայաստանի անձնագրով եմ մտել, այսինքն վիզայով չեմ մտել: Երբ Դամասկոսում դեսպանն հարցրեց՝ դու նախկինում Հայաստանում եղե՞լ ես իբր ուսանող, իբր տուրիստ: Ասացի ՝ոչ, ժպտաց, որ ես Հայաստանի անձնագրի համար դիմում եմ տակավին Հայաստանը չտեսած: Նա ասաց՝ վստա՞հ ես, որ անձնագիրն ուզում ես վերցնել,ասացի՝ վստահ եմ առանց Հայաստան չայցելած, որովհետեւ մենք Սփյուռքի հայեր ենք, Հայաստանը մեզ համար մեծ նշանակություն ունի, հայրենիքը միշտ տարբեր է, քաշում է: Ճիշտ է, մենք Հորդանանում մեզ օտար չենք զգում, շատ լավ կառավարություն, շատ լավ թագավոր ունենք. հայերին շատ լավ նայում են, բայց մենք հայ ենք ու ունենք հայրենիք: Ես առաջին դիմում տվողներից եղա ու անձնագիրը ստացա եւ շատ ուրախ եմ, հիմա կարող եմ ասել, որ ես 100 տոկոսով հայ եմ: Առաջ զգում էի, որ հիսուն տոկոսով եմ հայ, հիմա այլեւս 100 տոկոսով հայ եմ»: Լուսանկարիչն արդեն 18-րդ անգամ է Հայաստանում: Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞վ են զբաղվում հայերը Հորդանանում,
Րաֆֆի Բոյաջյանն ասաց, որ տղամարդիկ հիմնականում արհեստավորներ են, լուսանկարիչներ են, ավտոմեքենաներ վերանորոգող վարպետներ են, ոսկերիչներ են, իսկ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, կրթված են,ուսյալ, համալսարան են ավարտում: Ի դեպ, մեր զրուցակին ասաց, որ պարոն Զոհրապին ԱՄՆ են ուղարկել, որ սովորի համալսարան, իսկ ինքը Իտալիայում է սովորել: «Պարոն Զոհրապ Մարգարյանը Հորդանանի թագավորին ծառայում է 22 տարի, իսկ ես նրա փոխօգնականն եմ շուրջ 18 տարի, մենք երկուսով թագավորին ընտանիքի անձնական լուսանկարիչներն ենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ