ՄԻԵԴ վճիռը վկայում է, որ կարելի է պատասխանտվության կանչել Հայոց ցեղասպանության ժխտման համար. Ջեֆրի Ռոբերտսոն

Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում հայկական փաստաբանական թիմի անդամ, Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ 2015 թվականի հոկտեմբերի 15-­ի վճիռը հայերի համար նպաստավոր է համարում:

«Երբ ուշադիր կարդում ես, ապա հասկանում ես, որ այս որոշումն ամբողջությամբ չեզոքացնում է ՄԻԵԴ ստորին պալատի նախորդ որոշումը, երբ կասկածի տակ էր դրվել Ցեղասպանության փաստը: Բացի այդ, ՄԻԵԴ-­ը հայտարարում է, որ հայ ժողովուրդը հարգանքի իրավունք ունի և Ցեղասպանության մասին հայերի հայացքները պետք է հարգվեն, և նշում է, որ այդ հայացքները պետք է պաշտպանվեն»,­ -ինչպես փոխանցում է «Արմենպրես»­-ը` վկայակոչելով Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-­ը, հայտարարել է Ռոբերտսոնը:

Նրա խոսքով` եվրոպական բարձրագույն դատարանը նաև նշել է, որ ողջ Եվրոպայում հայ ժողովուրդը պետք է հարգվի իր պատմության և ընկալումների համար` Ցեղասպանությունից տառապելու տեսանկյունից: «Սա իսկապես լավ բացահայտում է. դա նշանակում է, որ կարելի է պատասխանտվության կանչել Ցեղասպանության ժխտման համար, դա ատելության մաս է: Եվ դատարանն ասաց, որ եթե փորձում ես արդարացնել հայ ժողովրդի ցեղասպանությունը, ապա պետք է դատապարտվես»,­ -նկատել է Ռոբերտսոնը:

 

Scroll Up