Անթալիայում բացվել է Պիկասոյի և Արա Գյուլերի ցուցահանդեսը

Անթալիայում մեկ հարկի տակ անցկացվում է աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունների և պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը:
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «Milliyet» թերթը տեղեկացնում է, որ Պիկասոյի աշխատանքների ցուցադրությամբ պաշտոնապես բացվել է Անթալիայի մշակույթի և արվեստի կենտրոնը: Անթալիայի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Դավութ Չեթինը կենտրոնի բացման արարողության ժամանակ հայտնել է, որ Պիկասոյի ստեղծագործությունների ցուցահանդեսին զուգընթաց կցուցադրվեն մեկ այլ համաշխարհային մեծության՝ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքները:
«Լույս և պատմություն. Անթալիան Արա Գյուլերի աչքերով» խորագրի ներքո կցուցադրվեն լուսանկարներ, որոնք հատկացվել են Արա Գյուլերի արխիվից:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2016 թվականի փետրվարի 28-ը: