Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում՝ Երվանդ Երզնկյանին, Ռաիսա Մկրտչյանին, Ռուբեն Մաթեւոսյանին եւ Արթուր Աբրահամին

«Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հանդիսավոր պայմաններում Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին, երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին եւ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին:
Շնորհավորելով եւ հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ սրտացավ աշխատանքի ու նվիրումի համար, ընդգծելով, որ նաեւ նրանց շնորհիվ է, որ Երեւանն այսօր ավելի ճանաչելի է աշխարհում: Քաղաքապետը նաեւ վստահություն է հայտնել, որ Երեւանի պատվավոր քաղաքացու պատվաբեր կոչումը լրացուցիչ խթան կդառնա կրկնակի նվիրումով եւ սրտացավությամբ հանուն Երեւանի ու երեւանցու բարօրության գործելու եւ արարելու համար: