Հեռակոնֆերանս Ստավրոպոլի ‹‹Նաիրի›› ազգամշակութային ինքնավարության ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Ստավրոպոլի ‹‹Նաիրի›› ազգամշակութայինինքնավարության ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ՝ Տարոն Շագոյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ:
Ստավրոպոլի ‹‹Նաիրի›› ազգամշակութային ինքնավարությունը ներկայացնում էին ինքնավարության նախագահ Միքայել Բեյրյումովը, ինքնավարության տնօրեն Անտոն Վարդանյանը, ‹‹Նաիրի›› ազգամշակութային ինքնավարության խորհրդի անդամ Աննա Բաղդասարովան և այլք:
Միքայել Բեյրյումովը ներկայացրեց ինքնավարության գործունեությունը, առկա խնդիրները, առաջիկա ծրագրերը: Նա նշեց, որ ավելի քան 400 անդամ ունեցող ինքնավարությունը իրականացնում է հայկական մշակույթի, ավանդույթների և մայրենի լեզվի պահպանմանը միտված բազմաթիվ միջոցառումներ:
Նա նաև հավելեց, որ ինքնավարության ներկայացուցիչները սերտորեն համագործակցում են Երևանի պետական համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և մի շարք այլ հաստատությունների հետ:
Բեյրյումովը նշեց, որ մինչև տարեվերջ հայկական համայնքը կունենա նոր շենք, որտեղ կգործի նաև հայկական թանգարան:
ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց գերատեսչության ծրագրերը և հույս հայտնեց, որ Ստավրոպոլի հայ համայնքը՝ մասնավորապես երիտասարդներն ակտիվ կներգրավվեն նախարարության կողմից իրականացվող ծրագրերում:
Քննարկվեց նաև Սփյուռքի կրթական հաստատությունների համար գրականության և ուսումնաօժանդակ նյութերի մշակման և տրամադրման ծրագրի շրջանակում Ստավրոպոլի հայկական կիրակնօրյա դպրոցին համապատասխան գրականությամբ և ուսումնաօժանդակ նյութերով ապահովելու հարցը:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան, մտքերի փոխանակում: