Երևանի 28 փողոցներում կներդրվի էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/10/Երևան1.jpg)
Ազգային ժողովը քվեարկությամբ վավերացրեց ՀՀ-ի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ 2015 թ. մայիսի 11-ին ստորագրված «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագրին կողմ քվեարկեց 103, դեմ 5, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով հայտնեց, որ ԲՀԿն կողմ է քվեարկելու համաձայնագին, քանի որ այն միտված է Երևանի զարգացմանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ևս նշեց, որ ԲՀԿն կողմ է համաձայնագրին՝ ընդգծելով, որ հիմնական զեկուցողը մանրամասն ներկայացրել է, թե որտեղ են ծախսվելու վարկային միջոցները:
Համաձայնագրով նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ծրագրի կապիտալ արժեքը կազմում է 7 մլն դոլար, որից 3 մլն դոլարը՝ դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է Երեւանում ունենալ էներգախնայող եւ անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Մասնավորապես նախատեսվում է Երեւանի 28 փողոցներում փոխարինել հենասյուները, անցկացնել ստորգետնյա մալուխներ, օգտագործել էներգախնայող լամպեր, ինչպես նաեւ ներդնել կառավարման ավտոմատացված համակարգ: