«Վարդանանց ասպետներ» կազմակերպության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Հոկտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ավագ սպարապետ Սթիվեն Քրաջյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ փոխսպարապետ Հունան Արշակյանը, արարողապետ Գրեգորի Բաբիկյանը, Արմեն Կոստանյանը, գլխավոր ժամապահ Հերի Գյուզելիմյանը, Նյու Յորքի Մամիկոնյան օթյակի սպարապետ Տիգրան Սահակյանը, նախկին տիրուհի Եվա Մեծօրյանը, նախկին սպարապետ Ջեկ Մեծօրյանը, «Դստերք Վարդանանց» կազմակերպության նախկին տիրուհի, Սան Դիեգոյի Դալար օթյակի նախկին կարգապետուհի Անահիտ Անտոնյանը:

Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության հետ սերտ համագործակցությունը և կրթական, մշակութային համատեղ ծրագրերի իրականացումը: Նախարարը մասնավորապես նշեց. «Սփյուռքում հայկական համայնքը հայ պահելու համար մենք պետք է օգնենք պահպանել լեզուն, մշակույթը, հավատքը, ընտանիքը: Մենք ծրագրեր ենք մշակում, որպեսզի Սփյուռքը ավելի մոտենա Հայաստանին, Հայաստանն էլ՝ Սփյուռքին Շատ կարևոր է սփյուռքի համախմբումը և մեկտեղումը, միասնականության զորացումը»:

Քննարկվեցին հետագա համագործակցության, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին աջակցության, համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակները: «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը հիմնադրվել է 1916թ., իսկ «Վարդանանց դուստրեր»-ը՝ 1933թ., գրասենյակներ ունի ԱՄՆ-ում, Կանադայում:

Scroll Up