Արման Եղիազարյան. Հայրենադարձության օրենքի բացակայությունը թույլ չի տալիս ուղղակիորեն օժանդակել հայրենադարձներին

2010 թվականի Հոկտեմբերի 1-ին լրացավ ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման երկու տարին: Հոբելյանի առթիվ «Հայերն Այսօր»-ը պատրաստել է հատուկ թողարկում` նվիրված նախարարության երկամյա գործունեությանը, ձեռքբերումներին ու առաջիկա պլաններին:

Հատուկ թողարկման հարցազրույցների շարքում ձեզ ենք ներկայացնում Սփյուռքի նախարարության վարչության պետերին, ովքեր կպատմեն իրենց վարչության առաքելության, աշխատանքի ու հեռանկարների մասին:

Շարքի հերթական հարցազրույցը Հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության պետ Արման Եղիազարյանի հետ է:

-Ինչպե՞ս կնկարագրեք Հայրենադարձության եւ հետազոտությունների վարչությունը:

-Հայրենադարձության եւ հետազոտությունների վարչությունը ունի 2 բաժին, որոնց գործառույթները միմյանցից տարբեր են։ Հետազոտությունների բաժին ունենք վարչության կազմում եւ հայրենադարձության բաժնում։

-Ինչպիսի՞ գոծունեություն է ծավալում վարչությունը:

-Հայրենադարձության բաժինն իր գործունեությունն սկսեց գիտաժողովի արդյունքների հիման վրա: Ի սկզբանե բաժնի առաջ դրված է 2 նպատակ՝ մեկը հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգի մշակումն է, մյուսը՝ հայրենադարձության մասին ՀՀ օրենքի մշակումը:  Սկզբում բաժինը զբաղվեց այս հարցերի հետազոտմամբ եւ ամբողջական փորձի ուսումնասիրության հիման վրա կազմեցինք Հայրենադարձության գործընթացի հայեցակարգ: Այն սկզբում ներկայացրել ենք համայնքներին, իսկ հիմա պետական գերատեսչական շրջանառության մեջ է, որից հետո՝ ավելի ստույգ նոյեմբերին, կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Իսկ դեկտեմբերին նախատեսվում է Հայրենադարձության մասին ՀՀ օրենքի հաստատումը, որի նախագիծը պատրաստ է եւ գտնվում է քննարկման փուլում: Ինչ վերաբերում է հայրենադարձության բաժնին, ասեմ, որ այն զբաղվում է նաեւ այլակրոն կամ այլադավան հայերի հետ կապված խնդիրներով, նրանց ինտեգրման ծրագրերով: Մշակեցինք նաեւ իրաքահայերի ինտեգրման ծրագիրը, որը հաստատվել է կառավարության կողմից եւ ներկայում գործում է: Բաժինը զանազան այլ հետազոտություններ, ինտեգրման ծրագրեր է իրականացնում։

-Ձեր բաժնի կողմից կազմակերպված համաժողովներն ի՞նչ ուղղվածություն ունեն:

-Համահայկական համաժողովների կազմակերպման պատասխանատվությունը մեծ մասամբ Հայրենադարձության եւ հետազոտությունների վարչությանն է:  Նախարարության ստեղծման օրվանից կազմակերպել ենք թվով 5 համաժողով: Առաջինը՝ «Ճարտարապետների համահայկական համաժողովը», 2009 թվականի ապրիլին էր: Դրա արդյունքում ստեղծվեց «Ճարտարապետների եւ շինարար ճարտարապետների համահայկական ընկերակցություն», որը գրանցված է եւ արդեն գործում է: Մասնագիտական ընկերակցությունը ունի նաեւ համակարգող խորհուրդ, որը ղեկավարում է ՀՀ  քաղաքաշինության փոխնախարար եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Երկրորդ համահայկական համաժողովը տեղի ունեցավ 2009 թվականի սեպտեմբերին. այն մեկտեղել էր աշխարհասփյուռ իրավաբաններին, ովքեր նույնպես այսուհետ ունեն  մասնագիտական ընկերակցություն։ Կոչվում է Իրավաբանների համահայկական խորհրդաժողով եւ գործում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ: Արեւմտահայերեն լեզվի եւ դրա ուսուցման հիմնախնդիրների լուծմանն ուղղված համահայկական համաժողովը երորրդն էր եւ անցկացվեց ընթացիկ տարվա հուլիսին։ Կերպարվեստի գործիչների համահայկական հազմաժողովը, որն օրերս ավարտվեց, եւս նպատակ ունի համահայկական մասնագիտական ընկերակցություն հիմնել, ինչի համար էլ ստեղծվել է խորհուրդ, որը զբաղվելու է ընկերակցության գրանցման հարցերով:

-Ո՞րն է վարչության կողմից կազմակերպված գիտաժողովների նպատակը:

-Խառն ամուսնությունները հայկական Սփյուռքում,  Արեւմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման սկզբունքները, Հայրենադարձություն. սրանք նախարարության անցկացրած գիտաժողովների անվանումներն են, իսկ գիտաժողովների նպատակը խնդիրների վերհանումն է եւ սփյուռքի հետ միասին լուծման ուղիների մշակումը:

-Ի՞նչով է զբաղվում Հետազոտությունների բաժինը:

-Հետազոտությունների բաժինը լուրջ խնդիրներ է լուծում` կապված արագ արձագանքման տեղեկանքների կազմման իրավիճակային հետազոտությունների հետ: Մենք պետք է կարողանանք շատ արագ արձագանքել Սփյուռքի իրադարձություններին, վերլուծենք եւ ներկայացնենք համապատասխան տեղեկանքի ձեւով: Հետազոտություններն իրականացվում են ամենատարբեր ծրագրերի մշակման, հայկական կենտրոնների, միությունների, հայագիտական ամբիոնների խնդիրների լուծման համար: Մի քանիսն էլ նվիրված են Հայոց ցեղասպանության խնդրին:

-Ի՞նչ խնդիրներ ունի վարչությունը:

-Վարչության թիվ մեկ խնդիրը հայրենադարձության ցանկություն ունեցող անհատների դիմումների հարցն է: Բազմաթիվ մարդիկ դիմում են, սակայն, այդ գործընթացը մեր ձեռքը վերցնելու իրավական հիմք դեռեւս չունենալով, կարողանում ենք ընդամենը «Տունդարձ» ծրագրի շրջանակում օգնություն ապահովել, ինչը, բնանաբար, այն չէ, ինչ նախատեսում ենք կապված հայրենադարձների խնդիրների լուծման հետ: Առայժմ Հայրենադարձության օրենքի բացակայությունը թույլ չի տալիս ուղղակիորեն օժանդակել հայրենադարձներին:

-Ինչպիսի՞ն կլինի Ձեր մաղթանքը երկու տարեկան նախարարությանը:

-ՀՀ Սփյուռքի նախարարությունը երկար ճանապարհ է անցել կարճ ժամանակահատվածում: Կուզեի` մեր նախարարությունը բոլորի կողմից ընկալվեր նույնքան արժեքավոր, նույնքան  ազգային, նույքան նվիրված հայությանը, որքան որ մեր աշխատանքն է, այսինքն` կուզեի համարժեք լիներ գնահատականը մեր ներդրած եռանդի, ներուժի հետ: Կուզեի, որ մենք կարողանանք Սփյուռքը իրոք համախմբել հայկական արժեքային համակարգի շուրջ: Դա իմ երազանքն է։

Scroll Up