Արման Եղիազարեան. Հայրենադարձութեան օրէնքի բացակայութիւնը թոյլ չի տալիս ուղղակիօրէն օժանդակել հայրենադարձներին

2010 թուականի Հոկտեմբերի 1-ին լրացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան հիմնադրման երկու տարին: Յոբելեանի առթիւ ՙՀայերն Այսօր՚-ը պատրաստել է յատուկ թողարկում` նուիրուած նախարարութեան երկամեայ գործունէութեանը, ձեռքբերումներին ու առաջիկայ պլաններին:

Յատուկ թողարկման հարցազրոյցների շարքում ձեզ ենք ներկայացնում Սփիւռքի նախարարութեան վարչութեան պետերին, ովքեր կը պատմեն իրենց վարչութեան առաքելութեան, աշխատանքի ու հեռանկարների մասին:

Շարքի հերթական հարցազրոյցը Հայրենադարձութեան եւ հետազօտութիւնների վարչութեան պետ Արման Եղիազարեանի հետ է:

-ինչպէ±ս կը նկարագրէք Հայրենադարձութեան եւ հետազօտութիւնների վարչութիւնը:

-Հայրենադարձութեան եւ հետազօտութիւնների վարչութիւնը ունի 2 բաժին, որոնց գործառոյթները միմեանցից տարբեր են: Հետազօտութիւնների բաժին ունենք վարչութեան կազմում եւ հայրենադարձութեան բաժնում:

-ինչպիսի± գոծունէութիւն է ծաւալում վարչութիւնը:

-Հայրենադարձութեան բաժինն իր գործունէութիւնն սկսեց գիտաժողովի արդիւնքների հիման վրայ: Ի սկզբանէ բաժնի առաջ դրուած է 2 նպատակ` մէկը հայրենադարձութեան գործընթացի կազմակերպման հայեցակարգի մշակումն է, միւսը` հայրենադարձութեան մասին ՀՀ օրէնքի մշակումը:  Սկզբում բաժինը զբաղուեց այս հարցերի հետազօտմամբ եւ ամբողջական փորձի ուսումնասիրութեան հիման վրայ կազմեցինք Հայրենադարձութեան գործընթացի հայեցակարգ: Այն սկզբում ներկայացրել ենք համայնքներին, իսկ հիմա պետական գերատեսչական շրջանառութեան մէջ է, որից յետոյ` աւելի ստոյգ նոյեմբերին, կը ներկայացուի ՀՀ կառավարութեան հաստատմանը: Իսկ դեկտեմբերին նախատեսւում է Հայրենադարձութեան մասին ՀՀ օրէնքի հաստատումը, որի նախագիծը պատրաստ է եւ գտնւում է քննարկման փուլում: Ինչ վերաբերում է հայրենադարձութեան բաժնին, ասեմ, որ այն զբաղւում է նաեւ այլակրօն կամ այլադաւան հայերի հետ կապուած խնդիրներով, նրանց ինտէգրման ծրագրերով: Մշակեցինք նաեւ իրաքահայերի ինտէգրման ծրագիրը, որը հաստատուել է կառավարութեան կողմից եւ ներկայում գործում է: Բաժինը զանազան այլ հետազօտութիւններ, ինտէգրման ծրագրեր է իրականացնում:

-ձեր բաժնի կողմից կազմակերպուած համաժողովներն ի±նչ ուղղուածութիւն ունեն:

-Համահայկական համաժողովների կազմակերպման պատասխանատուութիւնը մեծ մասամբ Հայրենադարձութեան եւ հետազօտութիւնների վարչութեանն է:  Նախարարութեան ստեղծման օրուանից կազմակերպել ենք թուով 5 համաժողով: Առաջինը` ՙՃարտարապետների համահայկական համաժողովը՚, 2009 թուականի ապրիլին էր: Դրա արդիւնքում ստեղծուեց ՙՃարտարապետների եւ շինարար ճարտարապետների համահայկական ընկերակցութիւն՚, որը գրանցուած է եւ արդէն գործում է: Մասնագիտական ընկերակցութիւնը ունի նաեւ համակարգող խորհուրդ, որը ղեկավարում է ՀՀ  քաղաքաշինութեան փոխնախարար եւ Երեւանի գլխաւոր ճարտարապետ Նարեկ Սարգսեանը: Երկրորդ համահայկական համաժողովը տեղի ունեցաւ 2009 թուականի սեպտեմբերին. այն մէկտեղել էր աշխարհասփիւռ իրաւաբաններին, ովքեր նոյնպէս այսուհետ ունեն  մասնագիտական ընկերակցութիւն: Կոչւում է Իրաւաբանների համահայկական խորհրդաժողով եւ գործում ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանի ղեկավարութեամբ: Արեւմտահայերէն լեզուի եւ դրա ուսուցման հիմնախնդիրների լուծմանն ուղղուած համահայկական համաժողովը երորրդն էր եւ անցկացուեց ընթացիկ տարուայ յուլիսին: Կերպարուեստի գործիչների համահայկական հազմաժողովը, որն օրերս աւարտուեց, եւս նպատակ ունի համահայկական մասնագիտական ընկերակցութիւն հիմնել, ինչի համար էլ ստեղծուել է խորհուրդ, որը զբաղուելու է ընկերակցութեան գրանցման հարցերով:

-ո±րն է վարչութեան կողմից կազմակերպուած գիտաժողովների նպատակը:

-Խառն ամուսնութիւնները հայկական Սփիւռքում,  Արեւմտահայերէնի միասնական դասագրքի ստեղծման սկզբունքները, Հայրենադարձութիւն. սրանք նախարարութեան անցկացրած գիտաժողովների անուանումներն են, իսկ գիտաժողովների նպատակը խնդիրների վերհանումն է եւ սփիւռքի հետ միասին լուծման ուղիների մշակումը:

-ինչո±վ է զբաղւում Հետազօտութիւնների բաժինը:

-Հետազօտութիւնների բաժինը լուրջ խնդիրներ է լուծում` կապուած արագ արձագանքման տեղեկանքների կազմման իրավիճակային հետազօտութիւնների հետ: Մենք պէտք է կարողանանք շատ արագ արձագանքել Սփիւռքի իրադարձութիւններին, վերլուծենք եւ ներկայացնենք համապատասխան տեղեկանքի ձեւով: Հետազօտութիւններն իրականացւում են ամենատարբեր ծրագրերի մշակման, հայկական կենտրոնների, միութիւնների, հայագիտական ամբիոնների խնդիրների լուծման համար: Մի քանիսն էլ նուիրուած են Հայոց ցեղասպանութեան խնդրին:

-ի±նչ խնդիրներ ունի վարչութիւնը:

-Վարչութեան թիւ մէկ խնդիրը հայրենադարձութեան ցանկութիւն ունեցող անհատների դիմումների հարցն է: Բազմաթիւ մարդիկ դիմում են, սակայն, այդ գործընթացը մեր ձեռքը վերցնելու իրաւական հիմք դեռեւս չունենալով, կարողանում ենք ընդամէնը ՙՏունդարձ՚ ծրագրի շրջանակում օգնութիւն ապահովել, ինչը, բնանաբար, այն չէ, ինչ նախատեսում ենք կապուած հայրենադարձների խնդիրների լուծման հետ: Առայժմ Հայրենադարձութեան օրէնքի բացակայութիւնը թոյլ չի տալիս ուղղակիօրէն օժանդակել հայրենադարձներին:

-ինչպիսի±ն կը լինի Ձեր մաղթանքը երկու տարեկան նախարարութեանը:

-ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը երկար ճանապարհ է անցել կարճ ժամանակահատուածում: Կ’ուզէի` մեր նախարարութիւնը բոլորի կողմից ընկալուէր նոյնքան արժէքաւոր, նոյնքան  ազգային, նոյքան նուիրուած հայութեանը, որքան որ մեր աշխատանքն է, այսինքն` կ’ուզէի համարժէք լինէր գնահատականը մեր ներդրած եռանդի, ներուժի հետ: Կ’ուզէի, որ մենք կարողանանք Սփիւռքը իրօք համախմբել հայկական արժէքային համակարգի շուրջ: Դա իմ երազանքն է:

Scroll Up