ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ամերիկահայ գործիչներ Իվա Մեծորյանին և Անահիտ Անտոնյանին

Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց նաև ամերիկահայ բարերար, Հայ կանանց միջազգային միության (AIWA) հիմնադիր Իվա Մեծորյանին (Բոստոն, Մասաչուսեթս) և «Դստերք Վարդանանց» կազմակերպության ղեկավար Անահիտ Անտոնյանին (Սան Դիեգո, Կալիֆորնիա):

Իվա Մեծորյանը, ով շուրջ 25 տարի բարեգործական ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզում, նախարարին տեղեկացրեց, որ ստեղծել է “Armenia, Ancuent Nation Endangerd” («Հայաստան, հնագույն ազգը վտանգված է») փաստագրական տեսանյութ, որը տեղադրված է համացանցում: Տեսանյութը պատմում է Տավուշի մարզի և նրա աշխատասեր ու ստեղծարար բնակչության մասին և ցույց է տալիս, թե ինչպիսի ծանրագույն իրավիճակ է ստեղծվել այնտեղ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների հետևանքով: Տիկին Մեծորյանը տեղեկացրեց նաև, որ  շուտով Բերդ քաղաքի «Արևաբերդ» կինոթատրոնում տեղի կունենա «Berd TV.am» կայքի շնորհանդեսը, որը պատրաստվել է Վահրամ Զարգարյանի, Աստղիկ Հակոբյանի, Վահագն Պապյանի, Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Աբրահամ  Միրզոյանի ջանքերով:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Իվա Մեծորյանին՝ նման հրատապ թեմային անդրադառնալու համար և հորդորեց իրականությունը ցույց տալու և տարածելու ավելի լայն հնարավորություններ գտնել:  Նախարարը դրվատանքով խոսեց տիկին Մեծորյանի ազգանպաստ գործունեության մասին, ով 84 տարեկան հասակում իր մեջ ուժ ու եռանդ է գտնում այցելել Հայաստան, լինել թեժ կետերում և աջակցության ճանապարհներ որոնել:

 «Ես ուժ ունեմ, որովհետև Հայրենիքիս եմ ծառայում, – ասաց Իվա Մեծորյանը,- և ուզում եմ փաստել, որ տարիքը չի կարող խոչընդոտել հայրենասիրական մղումները»:

Տիկին Անահիտ Անտոնյանը ևս պատմեց իր նախաձեռնությունների մասին՝ նշելով, որ առաջիկայում  որոշակի ծրագրեր իրականացնելու մտադրությամբ Հայաստան կժամանեն մի խումբ ամերիկահայեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև սիրիահայության խնդիրներին և նրանց աջակցելու հնարավորություններին:

 Նախարարը հորդորեց ակտիվություն ցուցաբերել և կոչ անել միջազգային հանրությանը՝ գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացվող ադրբեջանակական ռազմական գործողությունները դատապարտելու և կանխելու ուղղությամբ:

Scroll Up