Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Իտալիայի Ֆորլի քաղաքում

Սեպտեմբերի 16-ին Իտալիայի Ֆորլի քաղաքի Սան Դոմենիկո համերգասրահում կայացավ Էմիլիա Ռոմանիա երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթով: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը նախքան համերգը հանդիպում էր ունեցել Ֆորլիի քաղաքապետ Դավիդե Դրեյի հետ և քննարկել տեղական ինքնակառավարման մակարդակով հայ-իտալական կապերը զարգացնելու հնարավորությունները:
Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Սարգիս Ղազարյանը և Ֆորլիի քաղաքապետ Դավիդե Դրեյը: Դեսպանը խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի, հայ և իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամության, իտալահայ համայնքի մասին: Քաղաքապետ Դավիդե Դրեյն իր ելույթում կարևորեց ցեղասպանությունների կանխարգելումը՝ այդ նպատակով անհրաժեշտ համարելով հիշողության պահպանումը:
Համերգում հնչեցին հայ և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգին ներկա էին փառատոնի ղեկավար Մասսիմո Մերչելլին, Ֆորլիի քաղաքական, մշակութային ու հասարակական շրջանակների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույց տվեց RAI հանրային հեռուստատեսության նահանգային ծառայությանը: Համերգը լայնորեն լուսաբանվեց իտալական մամուլում: