«Մուսալեռ» հայրենակցական միության ներկայացուցիչները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/m.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանին, կենտրոնական մարմնի անդամ Հակոբ Այնթափցյանին, «Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի պատասխանատուներ Գաբրիել Փանոսյանին և Խաչիկ Թոսունյանին:
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց «Մուսալեռ» հայրենակցական միությունների կողմից աշխարհի տարբեր երկրներում և Հայրենիքում Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու կապակցությամբ:
Նա շնորհավորեց հյուրերին մուսալեռցիների առաջին հանգրվանի՝ Այնճարի հիմնադրման 75 ամյակի առթիվ և, մասնավորապես ասաց. «Ֆրանսիայի կառավարության, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության, այլ բարերարների կողմից մուսալեռցիներին նվիրված լիբանանյան ճահճոտ, անապատային հողակտորը դուք դարձրիք ծաղկուն օազիս, հայրենի այգեստան: Այնճարը` անառիկ Մուսադաղի մի փոքրիկ պատառիկը` իր վեց գյուղերը խորհրդանշող թաղամասերով, իր դպրոցներով ու եկեղեցիներով, երիտասարդաց ու կանանց միություններով, որբանոցով ու մշակութային կենտրոններով, հիվանդանոցով ու այլ կառույցներով դարձավ մի յուրօրինակ փոքրիկ Հայաստան Մերձավոր Արևելքում: Տաղանդավոր ինժեներ-ճարտարապետ Հակոբ Քեշիշյանի նախագծած արծվային ճարտարապետական կառուցվածքով, իր հայրենաշունչ նկարագրով ու պատմությամբ Այնճարը մի բացառիկ երևույթ է Սփյուռքի պատմության մեջ, հայկական համայնքի մի կատարյալ մոդել, որը պետք է օրինակ ծառայի աշխարհի բոլոր համայնքների համար: Այսօր էլ դուք շարունակում եք պահպանել ու զարգացնել ձեր քաջ նախնիներից ժառանգված արժեքները»:
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և աջակցության համար՝ նշելով, որ Սփյուռքի նախարարությունում իրենք իրենց զգում են ինչպես սեփական տանը: Նա ներկայացրեց հերոսամարտի 100-ամյակի առթիվ իրենց կողմից կազմակերպած միջոցառումները և հավաստիացրեց, որ այսուհետ առավել ակտիվորեն կհամագործակցեն նախարարության հետ:
Քննարկվեցին առաջիկա միջոցառումների շարունակության և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր: