Ռ. Սահակյանցի աշխատանքներն ընդգրկված են խորհրդային մուլտֆիլմերի լավագույն տասնյակում

Խորհրդային Միությունում մուլտֆիլմեր նկարահանելու համար հիանալի պայմաններ կային` հեղինակները չէին ընկնում շահույթի հետևից և կարող էին թույլ տալ իրենց կատարել ամենահամարձակ քայլեր։ Արդյունքում ստացվում էին  իսկական գլուխգործոցներ, որոնք դիտում էր ամբողջ աշխարհը։ panorama.am-ի փոխանցմամբ՝ այսպես ներկայացրել է  AdMe.ru կայքը ու նշել  խորհրդային ժամանակաշրջանում նկարահանված մուլտֆիլմերից 10 լավագույնները, որոնց մեջ է նաև  հայ ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերից՝ «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…» (1984 թ. ), «Ով էնպիսի սուտ ասի…» (1982 թ.):

Ըստ աղբյուրի, «Հայֆիլմի» ստեղծագործությունները մշտապես գլխապտույտ էին առաջացնում` գույներ, ուրախ երաժշտություն, անսպասելի վերափոխումներ, արտասովոր հումոր։

Ինչպիսի կերպարներ է ստեղծել Ռոբերտ Սահակյանցը «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…» մուլտֆիլմում. ծովային արքան ընկղմվում էր ջուրը և հրթիռ էր դառնում, ջրահարսն ունի ձկան գլուխ և մեծ աչքեր և այլն։ Այս ամենը նման է երազի, որում ամեն ինչ փոխվում է այնքան արագ, որ դիտողը չի էլ հասցնում հասկանալ, թե ինչ է տեսել:

«Ով էնպիսի սուտ ասի…». Տաղանդավոր ռեժիսոր Ռ. Սահակյանցի և «Հայֆիլմ» կինոստուդիայի ևս մեկ գլուխգործոց: Մուլտֆիլմը լի է արտասովոր կերպարներով և երևակայական խաղերով: Յուրաքանչյուր կադրը լի է հումորով և անսպասելի մանրամասներով` կայծակ-ճարմանդով պահարան, դիտանցք արքունական պալատների դռներին և շատ այլ հետաքրքիր բաներ։ Այստեղ օպերատորական հիանալի աշխատանքի իմիտացիա է՝ տեսախցիկի շարժում և ռակուրսի փոփոխություն, ինչպես լավ կինոյում:

AdMe.ru-ի ընտրած մուլտֆիլմերի շարքում են՝ Ալեքսանդր Տատարսկու «Թևեր, ոտքեր և պոչեր» (1985), «Պլաստիլինե ագռավը (1981), ինչպես նաև «Մեդվեժուտ» (1988), «Ալիսան հրաշքների աշխարհում» (1981), «Շփում» (1978), «Զարդատուփ գաղտնիքով» (1976 թ.), «Ոզնին մշուշում» (1976 թ.), «Անցյալ տարվա ձյուն էր գալիս» (1983 թ.):

Ներկայացված ցանկում ներառված չեն խորհրդային մուլտիպլիկացիայի բոլոր սյուրռեալիստական գլուխգործոցները, քանի որ վարպետների հսկայական ժառանգությունը հնարավոր չէ տեղավորել մեկ ընտրանու մեջ։

Scroll Up