Սինան Օղան. «Հայաստանը PKK-ի համար երկրորդ Քանդիլ է»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/mhp_sinan_ogan_i_ihrac_ediyor.jpg)
Հյուսիսային Իրաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարներին թուրքական օդուժի հարվածներից, ինչպես նաև Իգդիրում թուրք-քրդական բախումներից հետո Թուրքիայի որոշ քաղաքական գործիչներ հանդես են եկել անհիմն և սադրիչ հայտարարություններով: Նշել են, թե իբր Հայաստանում տեղակայված է ՔԲԿ-ի ռազմաճամբարներից մեկը: Նման տեսակետ է հնչեցրել մասնավորապես Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախկին պատգամավոր Սինան Օղանը: Վերջինիս ձևակերպմամբ՝ Հայաստանը ՔԲԿ-ի համար երկրորդ Քանդիլ է: (Իրաքում գտնվող Քանդիլ շրջանում է գտնվում ՔԲԿ-ի գլխավոր ռազմաճամբարը):
Պետք է նկատել, որ Օղանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան թուրք-քրդական բախումների մեջ հայկական տարրը ներքաշելու հերթական փորձ:
Վերոնշյալ թեմայով «sputnuknews»-ի թուրքական ծառայությունը զրուցել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի արտաքին հարաբերությունների, ներքին գործերի, անվտանգության ու հետախուզության հանձնաժողովների նախկին անդամ Ալի Հայդար Օների հետ: ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ զրույցում վերջինիս հարց է ուղղվել թե արդյոք Թուրքիայի և Հայաստանի սահմանային գծում թուրքական զինուժի կողմից կիրականացվի նմանատիպ լայնամասշտաբ օպերացիա: Օներն ի պատասխան ասել է.
«Չեմ կարծում, թե ռազմական գործողությունների սահմանագիծն ընդլայնելու կարիք կա, քանի որ իմաստ չկա: Իշխանություններին ասում էին, որ Հայաստանի հետ հաշտություն է լինելու, սակայն ինչպես տեսանք, հայերը նրանց աչքերին թոզ փչեցին:
Մենք ըստ էության խնդիր չունենք մեր հայ քաղաքացիների հետ: Հայաստանի հետ էլ խնդիր չունենք, բայց Հայաստանը քեն է քշում: Արխիվները բացելով կարելի է Հայաստանի հետ կապված անցյալի իրադարձություններին գնահատական տալ, բայց հայերը շարունակում են տուրք տալ կարծրատիպերին և թշնամական զգացումներին»: