Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արմենիադա» բեմադրության երևանյան առաջնախաղը՝ սեպտեմբերի 22-ին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/Armeniada-300x225.jpg)
Beeline-ի եւ Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի համագործակցության շրջանակում կցուցադրվի «Արմենիադա» բեմադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բեմադրությունը Հայաստանը եւ հայոց պատմությունը ներկայացնում ու մեկնաբանում է նորովի` յուրահատուկ գեղարվեստական լուծումների, դերասանական խաղի, պոեզիայի եւ կենդանի երաժշտության միջոցով:
«Beeline-ը շարունակում է աջակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Մենք հատկապես կարեւորում ենք այնպիսի մշակութային միջոցառումների անցկացումը, որոնք հաջողություն ունեն թե´ Հայաստանում, եւ թե´ այլ երկրներում, քանի որ մշակույթն այն հզոր գործիքն է, որի միջոցով պատմական իրադարձությունները հնարավոր է առավելագույնս հասանելի ձեւով ներկայացնել լայն հանրությանը: Վստահ եմ, որ նման մշակութային միջոցառումները նպաստում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացմանը ողջ աշխարհում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ոչ ոք չի կարող գուշակել, թե վաղվա օրն ինչ է մեզ խոստանում, սակայն պարզ է մի ճշմարտություն. այն ազգը, որն ուզում է ապրել ու հարատեւել, պետք է պայքարի եւ դասեր քաղի անցյալից, ապրի արժանավայել ու հայազգի հերոսների օրինակով ապացուցի աշխարհին, որ պայքարն է հաղթանակի գրավականը: «Արմենիադա» ներկայացումն այս ամենի վառ օրիանակն է, հավատացած եմ, որ այս ներկայացումը մեծ հաջողությունն է ունենալու համաշխարհային տարբեր բեմերում եւ մեր ձայնը հասանելի է դարձնելու հազարավոր մարդկանց», -նշեց նախագծի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր Վլադիմիր Գաբբեն։
«Արմենիադա» բեմադրության ցուցադրությանն աջակցում են նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ ՀՀ սփյուռքի նախարարությունը։
Նշենք, որ «Արմենիադա» բեմադրության ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին ժ. 19:00-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Բեմադրության պրեմիերան կայացել է 2015 թ. ապրիլի 13-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տան մեծ դահլիճում: