Պատմաբանը Հայաստանում սիրիահայերի համար հիմնական է համարում բնակարանի և աշխատանքի խնդիրները

Հայաստանում ապաստան գտած սիրիահայերը հիմնականում բնակարանի և աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեն: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմաբան Գևորգ Յազճյանը:

«Մոտավոր հաշվարկներով` Սիրիայում մնում է տեղի հայազգի քաղաքացիների կեսը` 40 հազար մարդ: Ինչպես գիտենք` ավելի քան 15­16 հազար հոգի Հայաստանում է, նույնքան Լիբանանում, 10 հազարն էլ ծովից այն կողմ են: Ինչ է սպասվում` որևէ մեկը չի կարող հստակ բան ասել` անգամ մեծ պետությունների ղեկավարները: Այնպիսի հարված հասցվեց սիրիահայությանը, որ նախկին համայնքը երբեք չի վերադառնա, քանի որ մարդիկ տարբեր տեղեր են հաստատվել»,­- «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` նշեց Գևորգ Յազճյանը:

Պատմաբանի խոսքով` բարեբախտաբար սիրիահայերն ամենաաշխատասեր մարդկանցից են, քարից կարող են հաց ստեղծել: «Սիրիայում բոլոր առարկաներն արաբերեն են դասավանդվում, Հայաստանում` հայերեն: Թեկուզ և իրենք հայազգի են, բայց սիրիահայերի երեխաները դպրոցներում տարբեր առարկաներից դժվարությունների են բախվում: Հոգեբանական լուրջ խնդիր է առաջացնում դպրոցական համակարգին ընտելանալու առումով. պետք էր ամառը հատուկ դասընթացներ անցկացնել այդ երեխաների համար»,­-ընդգծեց նա:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարծիք հայտնեց, որ պատերազմը Սիրիայում ավելի կթեժանա: «Տրամաբանությունից դուրս է, եթե այստեղ բնակվող սիրիահայերը իրենց բարեկամներին, ընկերներին հուշեն, որ երկար սպասեն այնտեղ, թե ամեն ինչ լավ կլինի: Սիրիահայությունը պետք է սթափ որոշի, թե ինչպիսին պետք է լինի իր ապագան: Հայաստանը պետք է հնարավորն անի, որ սիրիահայերը կարողանան աշխատանք գտնել, ապրել»,-­ շեշտեց նա:

Scroll Up