Մենք համակողմանի ենք քննարկել Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցը. Արամ Ա

Հունաստան այցելության ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն անդրադարձել է Սիսի կաթողիկոսարանի եւ հարակից կալվածքի վերադարձի պահանջով Թուրքիայի դատարան հայցի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը` հունական pontosnews.gr-­ին տված հարցազրույցում կաթողիկոսն ասել է, որ որոշումը չի կայացվել հապշտապ:

«Այս հարցը մենք քննարկել ենք անգամ թուրք իրավաբանների, միջազգային իրավունքի, մարդու իրավունքի մասնագետների հետ: Ուսումնասիրել ենք Լոզանի պայմանագիրը: Այսինքն` մենք խնդիրն ուսումնասիրել ենք համակողմանի»,-­ նշել է կաթողիկոսը` հավելելով, որ, անկախ նրանից, Թուրքիան կընդունի, թե ոչ, իրագործած ցեղասպանությունը փաստ է:

«Դա ոչ ոք չի հորինել, իսկ Ցեղասպանության հետեւանքը շատ լուրջ է: Մեր ժողովրդի ողջ ունեցվածքը, համայնքային շենքերը, եկեղեցիները կամ ավերված են հիմնովին կամ մասնակի, եւ դրանց մեծ մասը Թուրքիայի ղեկավարությունը սեփականացրել է: 100 տարի անց, իբրեւ Կաթողիկոս, հայտարարում եմ, որ այդ կառույցները պատկանում են հայկական եկեղեցուն, հայ ժողովրդին»,­- ընդգծել է կաթողիկոսը` հավելելով, որ իրենք սկսում են Սիսի կաթողիկոսարանի վերադարձից, քանի որ հարցն ունի քաղաքական, բարոյական, հոգեւոր նշանակություն:

Արամ Առաջինը շեշտել է, որ առաջին անգամ է, երբ հայ ժողովուրդը, որը պայքարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, նոր ռազմավարություն է ընտրել. այն է` հարցը նաեւ դատական ատյանում բարձրացնելը:

Scroll Up