Թուրքիայի ԶՈՒ հատուկ ստորաբաժանման զորքերը մտել են Հյուսիսային Իրաք
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/f55eef9894944d_55eef98949485.jpeg)
Թուրքիայի Հաքքարիի Յուքսեքօվա շրջանի Դաղլըջա գյուղում նախօրեին տեղի ունեցած թուրք -քրդական արյունալի բախումներից հետո, որոնց ընթացքում 16 թուրք զինվոր էր սպանվել, Թուրքիայի ԶՈՒ հատուկ ստորաբաժանման զորքերը այսօր մտել են Հյուսիսային Իրաք`այնտեղ փախած քուրդ գրոհայիններին հայտնաբերելու համար: Այս մասին ermenihaber.am -ի փոխանցմամբ՝ հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը: Ըստ աղբյուրի` Թուրքիայի ԶՈՒ ռազմական ինքնաթիռները հետապնդել ու ռմբակոծել են Հյուսիսային Իրաք փախած քուրդ զինյալների 20 հոգանոց խմբին: Նրանցից առնվազն 12-ը սպանվել են:
Թուրքիայի ԶՈՒ կողմից երեկ և այսօր իրականացված լայնածավալ գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ սպանվել է 100 քուրդ գրոհային:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հաքքարիի Դաղլըջա գյուղում «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմից ականապատված ճանապարհով անցնող 2 թուրքական զրահամեքենա էր պայթել: Ինչին ի պատասխան թուրքական օդային զինուժը սկսել է ռմբակոծել քուրդ զինյալների հենակետերը: Բախումները դեռևս շարունակվում են: