ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ մեկնարկեց ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովը
Սեպտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության գործակցությամբ կայացավ ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 20 շրջանների 104 ներկայացուցիչ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը փոխանցեց Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը: Ուղերձում մասնավորապես նշված էր. «Սա Հայաստան-Սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է: Մենք մշտապես եղել ենք հայկական կազմակերպությունների կողքին և ամեն ինչ անելու ենք կապն ավելի ամրապնդելու, հայրենիքի շուրջ համախմբելու և հայաստանակենտրոն գործունեությունն առավել խթանելու համար: Խորհրդանշական այս տարում, երբ համայն հայությունն աշխարհի առաջադեմ մարդկության հետ միասին նշում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, մենք մեկ անգամ և սապացուցեցինք, որ անկոտրում է հայի կամքը, և վճռական՝ նրա ոգին, քանզի հաղթում են այն ժողովուրդները, որոնց պայքարն արդարացի է, և նպատակները՝ արդարացված: «Բարձրացիր, բարձրացրու»՝ ահա այն վեհ գաղափարը, որը Միության հենքը հանդիսանալով՝ տակավին արդիական է մնացել այսօր»:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի օրհնության գիրը կարդաց Կարպիս Կապասաքայանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Առանձնակի շնորհակալ եմ հային հայ պահելուն ուղղված ձեր գործունեության համար, որ ծավալում եք աշխարհի տարբեր ծայրերում: Կազմակերպության անվանման մեջ արդեն իսկ նշված է «հայ» բառը, ինչը նախևառաջ պայմանավորված է ազգային արժեքները գիտակցելու մեծ պատասխանատվության զգացողությամբ: Սիրելի՛ ՀՄԸՄ-ականներ, դուք պետք է հիշեք, որ աշխարհի որ ծայրում էլ ծնված լինեք, Դուք հայաստանցիներ եք:
Տարեցտարի մեծացնելով աշխարհագրությունը և ավելի մեծ թվով երկրներում հիմնելով ձեր մասնաճյուղերը՝ դուք աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը հնարավորություն եք տալիս ձեռքբերել ազգային արժեքներ և դառնալ դրանց կրողը, կրթում նրանց մարմինն ու հոգին»:
ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ ՀՄԸՄ հիմնական գաղափարը միասնական ուժերով համահայկական խնդիրները լուծելն է, և միայն Հայաստան-Արցախ- Սփյուռք միասնությամբ պիտի կառուցենք մեր նոր ու հզոր Հայաստանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ Հայրենիք- Սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով եւ նրան հանձնեց մեդալը: