Զինված բախումներ և պարետային ժամ Դիարբեքիրում. կա 2 զոհ
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում լարված իրադրություն է: Թուրքական «haberturk.com» լրատվակայքի համաձայն՝ սեպտեմբերի 5-6-ի գիշերը թուրքական անվտանգության ուժերի կողմից Դիարբեքիրում ռազմական գործողություն է իրականացվել «Քրդական բանվորական կուսակցության» նկատմամբ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ermenihaber.am-ից:
Գործողության ընթացքում քուրդ զինյալների կողմից գնդակոծվել է մեկ ոստիկանական զրահամեքենա, ինչի հետևանքով երկու ոստիկան զոհվել է, երեքը՝ վիրավորվել: Սուրում արգելվել է ելումուտը, ինչի հետևանքով քաղաքի այդ շրջանում ապրող մեծ թվով մարդիկ չեն կարողանում իրենց տները գնալ: Մյուս կողմից, խաղաղ բնակչությանը արգելվել է փողոց դուրս գալ: Դա առաջացրել է Սուրի տարածք մտնել չկարողացող քաղաքացիների զայրույթն ու բողոքը:
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ քաղաքացիների կյանքի և ունեցվածքի անվտանգության ապահովման նպատակով 06.09.2015թ. 09:30-ից մինչև հաջորդ հայտարարությունը Դիարբեքիրի Սուր շրջանում պարետային ժամ է հայտարարվում:
Ըստ աղբյուրի՝ քաղաքում լարվածությունը դեռ շարունակվում է: Տարբեր կողմերից կրակոցների, պայթյունների ձայներ են լսվում, միաժամանակ կառավարության կողմից տարածքում գործի է դրվել օդային զինուժը: