Ատոմ Էգոյանի «Հիշի՛ր» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի փառատոնի շրջանակում

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր «Հիշի՛ր» ֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 10-­ին Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը` վկայակոչելով Armenien weekly-­ն, ֆիլմ ընդգրկվել է Վենետիկի 72­-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում:

Կինոփառատոնի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 2­-ին, եզրափակիչ միջոցառումը սեպտեմբերի 12-­ին է: Մինչ ֆիլմի պրեմիերան ամերիկյան Hollywood reporter պաբերականի հետ զրույցում Էգոյանը պատմել է, որ ֆիլմը Հոլոքոստը վերապրածի մասին է, ում մարմնավորում է Քրիստոֆեր Փլամմերը:

Նրա միջոցով ռեժիսորը մարդկության հետ խոսում է ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների եւ մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Էգոյանը պատմել է, որ ֆիլմն այդ ոճում առաջինը չէ, եւ ցեղասպանությունների մասին իր առաջին ֆիլմը` «Արարատ»-­ը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:

Լրագրողի հարցին կա՞ն արդյոք Փլամմերի կերպարի մեջ ընդհանրություններ «Արարատ» եւ «Հիշիր» ֆիլմերում, Էգոյանն ասել է, որ դրանք երկու տարբեր կերպարներ են: «Սակայն հետաքրքրականն այն է, որ այս տարի հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցը եւ ես մարդկության դեմ հանցագործությունների մասին ֆիլմ եմ ներկայացրել, որը ազգի պատմության, անցյալի, մարդկանց հիշողությունների մասին: Հիշողությունը միշտ կա եւ մենք հասկանում ենք, թե դրանք ինչպիսի ազդեցություն են թողնում սերունդների վրա»,­- ասել է ռեժիսորը:

Scroll Up