Հակառակորդը կրակել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերի վրա, խանգարել սեպտեմբերի 1–ի միջոցառումները

Երեկ գիշեր ու այսօր առավոտյան ադրբեջանական դիրքերից գնդակոծել են Տավուշի մարզի Ոսկեվան և Բաղանիս գյուղերը, ինչի մասին Tert.am-ին հայտնեցին Ոսկեվան և Բաղանիս գյուղապետեր Սերյոժա Ալեքսանյանն ու Նարեկ Սահակյանը:
«Դե սեպտեմբերի 1 է, իրենց մոտ խասյաթ է դառնում, միշտ տոնական օրերին կրակում են էլի. սեպտեմբերի 1, մայիսի 9, մայիսի 28, հունվարի 28 կլինի, Նոր տարի կլինի, տենց տոնական օրերին փորձում են իրենց ազգային դիմագիծը ցույց տան, ամեն ինչ հարամ անեն »,-ասաց Նարեկ Սահակյանը:
Նրա խոսքով` քանի որ կրակել են գյուղի դպրոցի մերձակայքում գտնվող միջպետական ճանապարհի վրա, սեպտեմբերի 1–ի տոնական միջոցառումներն արագ ավարտվել են:
Վիրավորներ չկան, վնասվել են մի քանի տների ապակու փեղկեր, ճակատային մասի պատեր:
«Առավոտը եկան երեխեքն իրենց հանձնարարականները ստացան, գնացին»,-ասաց նա:
Ոսկեվանի համայնքապետ Սերյոժա Ալեքսանյանն էլ Tert.am—ի հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղի վրա կրակել են հարավային ուղղությամբ: