Թուրքական մամուլ. Ադրբեջանը Հենրիկ Մխիթարյանին մուտքի վիզա չի տա

Ադրբեջանը, հնարավոր է,  մուտքի վիզա չտրամադրի ֆուտբոլի հայ աստղին: Այս մասին, ermenihaber.am-ի փոխանցմամաբ,  գրում է թուրքական «Superhaber» լրատվական կայքը` հղում անելով գերմանական «Բիլդ» պարբերականին:

Ըստ աղբյուրի` ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի»  և ադրբեջանական «Գաբալա» թիմի հանդիպմանը ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել  «Բորուսիայի» կազմում հանդես եկող հանրահայտ հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը , քանի որ Ադրբեջանը , հնարավոր է, թույլ չտա նրան մուտք գործել երկիր:

Գերմանական պարբերականը, հիշեցնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարիներ շարունակ չլուծվող ղարաբաղյան հակամարտության պատճառով Ադրբեջանը վերջին շրջանում Հայաստանի քաղաքացիներին մուտքի վիզա չի տրամադրում, մտավախություն է հայտնել, որ  Մխիթարյանին ևս  թույլ չի տրվի մեկնել Ադրբեջան:

Մինչդեռ հոկտեմբերի 22-ին ժամը 22:05 –ին կայանալիք խաղին Մխիթարյանի մասնակցությունը չափազանց կարևոր է գերմանական թիմի համար: 26-ամյա անվանի հայ ֆուտբոլիստը վերջին 7 խաղի ընթացքում 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
«Բորուսիայի» մամուլի խոսնակ Սաշա Ֆլիգեն հույս է հայտնել, որ այս լուրերը սուտ են. «Մխիթարյանը վերջին խաղերի ընթացքում անհավանական խաղ է ցուցադրում  և մեզ համար չափազանց կարևոր ֆուտբոլիստ է», -ասել է նա:

Scroll Up