Լեհ քննադատ․ «Շշուկների գիրքը» ապշեցնում է ճշմարտությամբ ու գեղեցկությամբ

Հայկական ծագումով ռումինացի գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների գիրքը» ապշեցնում է ճշմարտությամբ ու գեղեցկությամբ։ Այս մասին ըստ News.am-ի՝ գրաքննադատ Մալգոժատա Մատուշեւսկան գրում է Gazeta Wroclawska հրատարակությունում, գրքի ՝ 2015թ․ լույս տեսած լեհերեն թարգմանությանը նվիրված հոդվածում։
«Մենք դեռ պետք է սովորենք հիշողության դասերը։ Դրանք հեշտ դասեր չեն։ Իսկ նոր ժամանակների ցեղասպանությունը դեռ մնում է պատմության քիչ նշանակություն ունեցող մասը, որը մեր ժամանակակիցներին պետք չէ։ Այն ժամանակ Ուինսթոն Չերչիլը հայտարարում էր, որ Մոսուլի նավթը հայերի արյունից թանկ է, եւ Եվրոպան լուռ լսում էր դա։ Իսկ Թուրքիայի կառավարությունն առայսօր հայտարարում է, որ ցեղասպանություն չի եղել։
Վաղուց չէի հանդիպել Վարուժան Ոսկանյանի «Շշուկների գրքի» նման հագեցած ու վառ շարադրանք, որը ոչ այնքան կարդալու համար է, որքան իմաստներ ծնելու։ Շշուկների գիրքը ռեպորտաժ չէ եւ ոչ էլ պատմական փաստաթուղթ։ Այն պատմում է ցավի ու սարսափի պատմությունը, նրանից նույնիսկ մեկ րոպեով կտրվելը դժվար է։ Այն ապշեցնում է ոչ միայն ճշմարտությամբ, այլեւ բանաստեղծական գեղեցկությամբ, որը գրեթե անհամատեղելի է այն ժամանակների իրադարձությունների հետ։
Ոսկանյանի մանկության քաղաքում, ֆոքշանում, ապրում էին նաեւ հայեր, որոնք փրկվել էին սիրիական անապատում բնաջնջվելուց։ «Մեր թաղամասում մարդիկ շատ աղքատ էին։ Մենք նույնպես պարծենալու բան չունեինք։ Գուցե միայն այն, որ իմ հարազատները կիրթ մարդիկ էին, ինժեներներ» (սա շատ կարեւոր է, քանի որ հայերի սպանությունները սկսվել էին հայ մտավորականների ձերբակալություններից )։ Գրքի առաջին իսկ էջերից ընթերցողի առջեւ բացվում է երջանիկ աշխարհ։ Այդ երջանկությունը խնամքով պահպանվում է։
Ոսկանյանը մեծ տեղ է հատկացնում իր մանկության հոտերին․ «Բոլոր հիշողություններից ամենախոր հետքը հոտն է թողնում։ Հոտերի միջոցով կարելի է նկարագրել ամբողջ կյանքը։ Այդպես կարելի էր նկարագրել նաեւ իմ մանկությունը»,-գրում է նա։
Հենց այդպես էլ եղել է նրա մանկությունը՝ լի փախլավայի, բաստուրմայի մսի, ընկույզների, նարնջի, դարչինի եւ վերջապես՝ սուրճի հոտով, որը պատրաստվում էր անսովոր ձեւով։
Սա պատմություն է Կարապետի մասին, ով «գիտեր բոլոր այբուբենները՝ լատինական, կիրիլիցան, հունականը, արաբականը»։ Հենց նա էլ դառնում է ամբողջ Շշուկների գրքի յուրօրինակ ուղեկցորդը։
Որտեղի՞ց է նա վերցրել գրքի անունը։ Անկասկած հայերի կյանքից, որը լցված է շշուկով։ Նրանց պետք էր լռությունը, նրանք չափից շատ ապրումներ էին ունեցել եւ չէին կարող աղմկոտ ու լսելի լինել։
«Մանուկ հասակում ես ապրում էի շշուկների աշխարհում։ Միայն հետո հասկացա, որ շշուկը կարող է նաեւ այլ բան նշանակել՝ օրինակ քնքշանք եւ աղոթք»,- գրում է Ոսկանյանը։
Հեղինակի կյանքը լի է նաեւ ծերության եւ ծերերի ապրումների մասին տպավորություններով ու մտքերով։ «Իմ հորեղբայրները ՝ Կարապետ Ոսկանյանը եւ Սեդրակ Մելիքյանը, այդ ամբողջ հարյուրամյակից միայն այն էին հասկացել, թե ինչ դժվար է մահանալ այն երկրում, որտեղ ծնվել ես»։
Սա վախի գիրք է, որը նույնպես չափից շատ է Շշուկների գրքում։ Վախի ու արյան, առանց որի չկա ոչ մի հայի հիշողություն։ Սա պատմություն է մշակույթի մասին, որը ոչնչացվել է մարդկանց հետ միասին։
Այսպես գրել սովորելն անհնար է, ինչպես անհնար է սովորել լսելու արվեստը, որով լուսավորված է այս գրքի յուրաքանչյուր բառը։ Ոսկանյանը պետք է որ այս արվեստը ժառանգած լինի իր ընտանիքից ՝ իր նախնիների ու իր ժողովրդի պատմության նկատմամբ հարգանքի հետ միասին։ Այդ արվեստը արժե սովորել հայերից»։