Ձեռք բերված արժեքները պետք է փոխանցվեն ապագա սերունդներին. Սեյրան Օհանյան

Ծաղկաձորում մեկնարկել է «Հաղթանակի ժառանգները 2015» ռազմամարզական հավաքի ավարտական միջոցառումը:
Արցախպրեսի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը կարևորել է այս միջոցառման անցկացումը` շեշտելով, որ գոհ է ընթացքից և արդյունքներից: Նախարարի խոսքով` ամենակարևորն այն է, որ մրցումներն անցկացվել են բարիդրացիական մթնոլորտում, և հաղթել է միասնությունն ու բարեկամությունը: «Ես բազմիցս կրկնել եմ, որ իմ և իմ նախորդ սերնդակիցների ձեռք բերած արժեքները պետք է փոխանցվեն ապագա սերունդներին, որպեսզի ձեռքբերումներն ու հաղթանակներն ապարդյուն չլինեն: Այս միջոցառումը դրա վառ վկայություններից մեկն է. շատ կարևոր է, որ պատանիները ստացել են նաև ռազմական գիտելիքներ, շփվել միմյանց հետ և բացահայտել նոր մարդկանց, նոր երկրներ»,- ընդգծել է Օհանյանը:
Միջոցառման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները կներկայացնեն մշակութային միջոցառումներ, պարային կատարումներ, թատերական փոքրիկ համարներ:
«Միություն 2015. հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին. նպատակն է երեխաների մեջ հայրենասիրություն, ընկերություն, բարեկամություն սերմանելը: Հավաքին մասնակցելու համար Հայաստան ժամանած բոլոր պատանիները, բացի մրցույթներին մասնակցելուց այցելել են նաև թանգարաններ, եղե Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Էջմիածնում, Մատենադարանում։
Հայաստանից հավաքին մասնակցում է 4 թիմ` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը, ԵԿՄ-ի, Փոքր Մհեր եւ Տիգրան Մեծ կրթահամալիրների պատանի ներկայացուցիչները: ԼՂՀ-ից ռազմամարզական հավաքին մասնակցում են Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: