Նինոծմինդայի շրջանի էկո-միգրանտներին կտրվեն հողատարածքների և տների սեփականության փաստաթղթեր
Վրաստանի Փախստականների եւ օկուպացված տարածքներից տեղահանված անձանց հարցերով նախարար Սոզար Սուբարին եւ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաջուտաձեն օգոստոսի 23-ին այցելեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետ: Այս մասին հաղորդում է www.Akhaltskha.Net կայքը:
Նախարարի այցելության նպատակն էր ուսումնասիրել, թե ինչ պայմաններում են ապրում Աջարիայից Նինոծմինդայի մունիցիպլիտետ տեղափոխված էկո-միգրանտները, որոնց 1200 ընտանիքից 91-ին արդեն տրվելու են բնակելի տների եւ հողատարածքների սեփականության փաստաթղթեր: Այժմ ընթանում են տների եւ հողատարածքների գծագրման աշխատանքներ:
Նինոծմինդայի աջար բնակիչների հետ հանդիպումից հետո նախարարը, նահանգապետը եւ մունիցիպալիտետի ղեկավարները եղան նաեւ Նինոծմինդայի հիվանդանոցում, որտեղ հանդիպեցին բուժանձնակազմի հետ եւ հետեւեցին հիվանդանոցում տեղի ունեցող վերանորոգման աշխատանքներին:
Բացի դրանից, մունիցիպաիտետի շենքի նիստերի դահլիճում անցկացվեց հանդիպում մունիցիպալիտետի աշխատակիցների եւ հասարակության ներկայացուցիչների միջեւ, որտեղ խոսվեց բնակչությանը հուզող հիմնախնդիրների շուրջ: