Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Խաչատրյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. օգոստոսի 23-ին, 88 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Խաչատրյանը: Վարդուհի Խաչատրյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Վարդուհի Խաչատրյանը ծնվել է Գյումրիում: 18 տարեկան հասակում տեղափոխվել է Երևան։ 1945-1948 թվականներին սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, 1949-1951թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Դասավանդել է, եղել է պրոֆեսոր։ Համերգներով եղել է աշխարհի տարբեր երկրներում, արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերի: