Հայ երիտասարները ուխտագնացություն են կատարել դեպի Սասունի Սուրբ Աստվածածին վանքը

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին հայ երիտասարդների ութ հոգանոց խումբը ուխտագնացություն է կատարել դեպի Սասունի Սուրբ Աստվածածին վանքը, որը գտնվում է Մարութա լեռան գագաթին:

Սասունցիների համար սրբազան լեռ համարվող Մարաթուկում շուրջ երեք տարվա դադարից հետո առաջին անգամ կրկին լսվեցին հայկական երգն ու պարը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին Սասունի ամենաբարձր գագաթը հաղթահարած հայ երիտասարդները կրել են «Մեր վերքը խորն է. 1915» և «Մենք դեռ այստեղ ենք. 2015» անգլալեզու մակագրություններով շապիկներ:

Խմբի մասնակիցները երկար էին պատրաստվել այս ուխտագնացությանը.

«Մարաթուկը հրաշք էր: Աննկարագրելի տեսարաններ ու հզոր էներգետիկա»,-ասում է ուխտագնացության մասնակիցներից Աստղիկ Միքայելյանը:

Հայաստանից ժամանած երիտասարդները շփվել են նաև Մարութայի ստորոտին գտնվող «Օթնակ յայլա»-ում անասնապահությամբ զբաղվող իսլամացած (արաբացած) հայերի հետ .

«Նրանք հայերեն բառեր էին ասում` «Բարով էկաք, էգու լաո» և այլն: Մի քանի գյուղերի հայկական անուններն էլ հայտնեցին: Բայց մի մասը մեզ համոզում էր,որ դա արաբերեն է», -ասում է  Համլետ Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Սուրբ Աստվածածին վանքի գմբեթի ավերումից ի վեր հայաստանյան արշավախմբերը ուխտագնացություն չէին կատարել դեպի Մարութա լեռ:

Սակայն ուխտագնացության ամենամյա ավանդույթը շարունակվել և շարունակվում է տեղաբնիկ իսլամացած հայերի կողմից:

Որոշակի դադարից հետո այս այցելության ընթացքում տեղի հայերը կրկին հանդիպում ունեցան հայաստանաբնակների հետ:

Սոֆյա Հակոբյան
Akunq.net

Scroll Up