Հայ երիտասարները ուխտագնացություն են կատարել դեպի Սասունի Սուրբ Աստվածածին վանքը

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին հայ երիտասարդների ութ հոգանոց խումբը ուխտագնացություն է կատարել դեպի Սասունի Սուրբ Աստվածածին վանքը, որը գտնվում է Մարութա լեռան գագաթին:
Սասունցիների համար սրբազան լեռ համարվող Մարաթուկում շուրջ երեք տարվա դադարից հետո առաջին անգամ կրկին լսվեցին հայկական երգն ու պարը:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին Սասունի ամենաբարձր գագաթը հաղթահարած հայ երիտասարդները կրել են «Մեր վերքը խորն է. 1915» և «Մենք դեռ այստեղ ենք. 2015» անգլալեզու մակագրություններով շապիկներ:
Խմբի մասնակիցները երկար էին պատրաստվել այս ուխտագնացությանը.
«Մարաթուկը հրաշք էր: Աննկարագրելի տեսարաններ ու հզոր էներգետիկա»,-ասում է ուխտագնացության մասնակիցներից Աստղիկ Միքայելյանը:
Հայաստանից ժամանած երիտասարդները շփվել են նաև Մարութայի ստորոտին գտնվող «Օթնակ յայլա»-ում անասնապահությամբ զբաղվող իսլամացած (արաբացած) հայերի հետ .
«Նրանք հայերեն բառեր էին ասում` «Բարով էկաք, էգու լաո» և այլն: Մի քանի գյուղերի հայկական անուններն էլ հայտնեցին: Բայց մի մասը մեզ համոզում էր,որ դա արաբերեն է», -ասում է Համլետ Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Սուրբ Աստվածածին վանքի գմբեթի ավերումից ի վեր հայաստանյան արշավախմբերը ուխտագնացություն չէին կատարել դեպի Մարութա լեռ:
Սակայն ուխտագնացության ամենամյա ավանդույթը շարունակվել և շարունակվում է տեղաբնիկ իսլամացած հայերի կողմից:
Որոշակի դադարից հետո այս այցելության ընթացքում տեղի հայերը կրկին հանդիպում ունեցան հայաստանաբնակների հետ:
Սոֆյա Հակոբյան
Akunq.net