Սասունում հայկական եկեղեցու ու գերեզմանոցի հրդեհման առիթով դիմում է ներկայացվել դատախազություն

Անհայտ անձանց կողմից հրդեհվել է Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն գավառում գտնվող հայկական Սբ. Պետրոս Առաքյալի վանքն ու հարակից հայկական գերեզմանոցը:

Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միությունը հրդեհի առիթով Սասունի տարածքային դատախազություն հանցագործության մասին հայտարարություն է ներկայացրել:

Ըստ «Demokrathaber.net» կայքի` միության նախագահ Ազիզ Դաղջըն հաղորդել է, որ հրդեհի հետևանքով այրվել են հայ հոգևորականների ոսկորները, որոնք գերեզմանափոսերից դուրս էին թափել գանձ որոնողները:

Հայկական միության նախագահը հայտնել է, որ թուրքական ժանդարմերիայի ստորաբաժանումները չեն եկել դեպքի վայր:

«Նույն օրը տեղեկացրել ենք Բաթմանի ժանդարմերիայի հրամանատարությանը: Ասացին, որ հրշեջներ կուղարկեն: Սակայն հրշեջ մեքենան չի կարող բարձրանալ Մեշելի գյուղ, քանի որ եկեղեցի տանող ճանապարհը դեռ բաց չէ: Պետք է շնորհակալություն հայտնենք հրդեհը մարելուն օգնած Մեշելի գյուղի բնակիչներին»,- ասել է Դաղջըն:

Ավելի վաղ Ermenihaber.am-ը տեղեկացրել էր, որ Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն գավառում գտնվող 1500-ամյա հայկական Սբ. Պետրոս վանական համալիրը, որ հարակից գյուղացիների կողմից որպես ախոռ էր օգտագործվում, պետական գրանցում էր ստացել:

Նշենք, Արևմտյան Հայաստանի մի շարք տարածաշրջաններում գտնվող եկեղեցիների, ինչպես նաև Սբ. Պետրոս վանական համալիրի գրանցման ու վերականգնման համար պայքարում է  Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի և Ստամբուլի հայերի սոցիալական օգնության, համերաշխության մշակութային միությունը` նախագահ Ազիզ Դաղջըի գլխավորությամբ:

Scroll Up