Օզդեմիր. «Թուրքիայում որպես ալևի ներկայացող 1 մլն ծպտյալ հայ կա»

Թուրքմեն-ալևիական «Բեքթաշի» հիմնադրամի նախագահ Օզդեմիրը հայտարարել է, թե Թուրքիայում փողոցային միջադեպերին մասնակցող և իրեն ալևի ներկայացնողները բոլորն էլ ծպտյալ հայեր են (kıripto Ermeniler): Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Օզդեմիրը «Kanalahaber.com» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ալևիները չեն մասնակցում փողոցային անկարգությունների, որոնք «զուգահեռ կառույցի» (գյուլենականներ. իսլամի հայտնի քարոզիչ, ԱՄՆ-ում բնակվող թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնադրած շարժման հետևորդներ) ձեռքի գործն են: Նրա պնդմամբ՝ մեկ միլիոն ծպտյալ հայեր համագործակցում են գյուլենականների հետ՝ ի վնաս թուրքական պետության:
Ըստ Օզդեմիրի՝ որևէ ալևի քաղաքացի ունակ չէ մարդ սպանելու, քանի որ դա դեմ է իրենց կրոնին: Նա պնդել է, որ վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական դեպքերին մասնակցող, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» գրոհայիններին միացող, իրենց ալևի անվանող մարդիկ բոլորն էլ ծպտյալ հայեր են: Նշվում է, թե ծպտյալ հայերն իբր նապատակ ունեն վարկաբեկել ալևիական համայնքին: