Շնորհակալ եմ, որ Աստված ինձ շնորհք է տվել, որն օգնում է ինձ մեծացնել դստերս Հայաստանում…

Մինչ պատերազմը Հովիկ Աշչյանը և իր ընտանիքը ապրում էին Սիրիայում՝ Հալեպ քաղաքում, շատ երջանիկ  կյանքով: Նա աշխատում էր իր սեփական խանութում որպես ոսկերիչ, իսկ կինը՝ Թամարան, խոհարար էր: Նրանց աղջիկ Ռիտան դպրոց էր հաճախում: Նրանց ընտանիքը Սիրիայի  80 հազարանոց հայ համայնքի մասն էր կազմում:

Երբ սկսվեց  հակամարտությունը և երկիրը պառակտվեց, նրանց  ընտանիքը շատերի նման ստիպված եղավ  փախչել:

-Ես կորցրեցի ամեն ինչ՝ իմ տունը, իմ մեքենան, աշխատանքս,–հիշում է Հովիկը,– Այն ամենը, ինչ փայփայում էի, անհետացավ մի ակնթարթում: Մենք վախեցած էինք, մտածեցինք, որ չկա որևէ այլ ավելի ապահով տեղ,  որտեղ կարող ենք գնալ, քան  Հայաստանը՝ մեր նախնիների երկիրը:

2012-ի ամռանը Հովիկն ու իր ընտանիքը Հայաստան եկան: Իրենց տնից օդանավակայան տանող 20 րոպեանոց ճանապարհը 3 ժամում անցան,  վախենում էին ետ նայել,  քանի որ հազիվ փախան հրետանային ռմբակոծությունից:

Նրանք ապահովություն և նոր կյանք գտան Հայաստանում, բայց ստիպված էին թողնել իրենց  համար շատ թանկագին  հուշերն ու իրերն  անցյալում:

-Իմ աղջիկը հույս է փայփայում, որ իր Աստվածաշունչը և DVD-ները պահպանվել են, և որ նրանք սենյակի մի ապահով անկյունում են,- պատմում է  Հովիկը: – Նա չի կարող ընդունել, որ մեր տունն ամբողջովին ավերվել է և ոչինչ չի մնացել:

ՄԱԿ ՓԳՀ-ն օգնում է Հովիկին և իր ընտանքին վերսկսել իրենց կյանքը Հայաստանում գործընկեր ՀԿ-ների միջոցով, այդ թվում՝ «Առաքելություն Հայաստան»-իի, Հայկական Կարմիր Խաչի ընկերության և ԿԱԶԱ Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի:  Շնորհիվ վարձակալության սուբսիդավորման ծրագրի՝ նրանք կարող են իրենց թույլ տալ ապրել մի փոքրիկ բնակարանում Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

Հովիկը նաև օգտվել է մասնագիտական վերապատրաստումներից և եկամտի ստեղծման նախագծերից, և փորձում է  օգտագործել իր հմտությունները Հայաստանում նոր ոսկերչական բիզնես սկսելու համար:

-Հիշում եմ, որ օրուգիշեր աշխատում էի ընդամենը մի ոսկե զարդ  սարքելու համար, ու հետո  նյարդայնանում էի՝ մտածելով՝ արդյոք կարող եմ վաճառել: Հետո աստիճանաբար շփվելով մարդկանց հետ, լսելով իրենց նախընտրությունների մասին, նվազեցնելով գինը և հատուկ պատվերներ ընդունելով՝ մարդկանց ուշադրությունը գրավեցի իմ աշխատանքների վրա ու հիմա արդեն նրանցից շատերը դարձել են իմ մշտական հաճախորդները:

Այսօր նրա ոսկերչական զարդերից մեկը նույնիսկ ցուցահանդեսներից մեկում մրցանակի է արժանացել: Հովիկի կինը՝ Թամարան  նույնպես նոր աշխատանք է գտել, իսկ աղջիկը քոլեջ է ընդունվել: Կյանքը խաղաղվել է, կարծես թե, իր հունի մեջ  մտել:

– Այսօր ես հպարտ եմ, որ կարողանում եմ ստեղծել իմ փոքր և կայուն եկամուտը, – ասում է  Հովիկը ժպիտով: – Շնորհակալ եմ, որ Աստված ինձ ոսկերչական շնորհք է տվել, որն օգնում է ինձ վաստակել իմ համեստ եկամուտը և մեծացնել իմ դստերը Հայաստանում:

Որպես սիրիահայ Հովիկը գիտի՝ ինչքան կարևոր գործն է անում ՄԱԿ ՓԳՀ-ն Հայաստանում: Նա մեծ եղեռնից փրկված այն հազարավոր հայ փախստականների ժառանգներից  է, ովքեր 1915թ-ից հետո Ֆրիտյոֆ Նանսենի օգնության շնորհիվ  հաստատվեցին  տարբեր երկրներում, այդ թվում Սիրիայում: Փախստականներով  վերակազմավորված Սիրիայի հայ համայնքը հայտնի դարձավ իր արհեստագործներով, ոսկերիչներով, արհեստավորներով և գործարարներով և մեծապես նպաստեց  Սիրիայի զարգացմանը և բարգավաճմանը:

 -Սիրիահայերը պարտական են հայերի մեծագույն բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին», – ասում է Հովիկը: Մեր նախնիներն իրենց գոյատևման համար պարտական են Նանսենի անձնագրին, որը ժամանակին նոր կյանքի դռներ բացեց իրենց համար  Սիրիայում: Այսօր էլ մենք պետք է փայփայենք նրա անունը և որպես իր առաքելության շարունակություն արժանապատիվ կյանքով ապրենք  մեր նախնիների երկրում՝ Հայաստանում:

Նրա խոսքով, հայերը, ովքեր իրենց լիովին ինտեգրված էին զգում Սիրիայում,  ստիպված եղան կրկին փախչել,  այս անգամ Հայաստան:

-Բայց մենք նաև նպաստում ենք հասարակության և տնտեսության զարգացմանը Հայաստանում, քանի որ մենք՝ սիրիահայերս, մեզ հետ բերել ենք արժեքների և հմտությունների մի մեծ բազմազանություն, – ասում է Հովիկը:

Չնայած նրան, որ Հովիկը և մյուսները որոշակի հաջողությունների են հասել, Սիրիայից տեղահանված ներ հայրենակիցների համար հեշտ չի հաղթահարել ինտեգրման ճանապարհի դժվարությունները: Առողջապահական կարիքները, բնակարանային խնդիրները, լավ վարձատրվող աշխատանքի պակասը, ոչ բարենպաստ գործարար միջավայրը, լեզուն և մշակութային խոչընդոտները այն հիմնական դժվարություններն են, որոնց բախվում են  սիրիահայ ընտանիքները Հայաստանում:

Սիրիայում սկսված հակամարատության հետեւանքով շուրջ 17 հազար սիրիացիներ՝ հիմնականում հայկական ծագումով, ժամանեցին Հայաստան, որոնցից 2015-ի դրությամբ շուրջ 13 հազարը  մնացել են Հայաստանում  որպես տեղահանված անձինք:

Նրանց աջակցելու համար կառավարությունն առաջարկում է պարզեցված հպատակագրում, արագացված ապաստանի ընթացակարգեր և կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կացության թույլտվություն:

Բացի այդ, ՄԱԿ ՓԳՀ-ն իր գործընկեր ՀԿ-ների հետ մարդասիրական աջակցություն է   տրամադրում Սիրիայից տեղահանված ընտանիքներին՝  հոգալով նրանց հրատապ կարիքները,  առաջարկելով շտապ օգնություն և իրագործելով նրանց ինտեգրացիային նպաստող նախագծեր:

Անահիտ Հայրապետյան,

ՄԱԿ ՓԳՀ, Երևան, Հայաստան 

Լուսանկարը ՝  UNHCR/A. Hayrapetyan

Scroll Up