Ամերիկահայ Նաթան Կիբարյանին Բոսթոնում անվանում են «խոհանոցի արքա»

Բոսթոնում գրեթե բոլորը գիտեն` եթե խնջույքը կազմակերպում են տանն ու պետք է հյուրերին զարմացնել տնական համեղ ուտեստներով, ապա պետք է դիմել ամերիկահայ Նաթան Կիբարյանին: Նրան անվանում են «խոհանոցի արքա» եւ զարմանում, թե ինչպես է կարողանում ամենահասարակ մթերքից յուրահատուկ ճաշատեսակներ պատրաստել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով «Armenianweekly»-­ն, 23­-ամյա Նաթանի մանկությունը անցել է խոհանոցում, նա հետեւել է, թե ինչպես են մայրիկն ու տատիկը պատրաստում ուտեստներ, ավանդական թխվածքներ: Այժմ արդեն Նաթանին հետեւում է ողջ քաղաքը, տեղական հեռուստատեսությամբ նա հաճախ ուտեստներ պատրաստելու վերաբերյալ խորհուրդներ է տալիս ու ուղղություն ցույց տալիս` ինչպես պատրաստել մակարոնեղենը կամ ինչպես պատրաստել խմորեղեն:

«Մեր ընտանիքում սովորույթ էր երեկոյան միասին ընթրել եւ համտեսել տատիկիս ու մայրիկիս պատրաստած ուտեստները: Իմ ընտանիքի համար բնական էր սնվել տանը պատրաստած ուտեստներով, ինչը ԱՄՆ­ում այնքան էլ տարածված չէ: Դա է պատճառը, որ այնպիսի ուտեստներ եմ պատրաստում, որ տանը պատրաստածից չտարբերվի»,­ ասել է Նաթանը` հավելելով, որ հոբբիին զուգահեռ նաեւ հաճախել է դասընթացների եւ այսօր ամենաերիտասարդ շեֆ­-խոհարարներից մեկն է քաղաքում:

Scroll Up