Հայ տպագրությանը նվիրված միջոցառումներ՝ Ոսկան Երևանցու 400-ամյակի շրջանակներում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/Ոսկան-երևանցի.jpg)
Այս տարի Երևանում տեղի կունենա հայ նշանավոր տպագրիչ-հրատարակիչ Ոսկան Երևանցու (Ոսկան Վարդապետ, 1614-1674 թթ.) ծննդյան 400-ամյակը նշանավորող միջոցառումների շարք, որը հնարավորություն կստեղծի համընդգրկուն ձևով ներկայացնելու Ոսկան Երևանցու տպագրական ժառանգությունը և ըստ ամենայնի գնահատելու հայ գրատպության մեծ երախտավորի վաստակն ու մատուցած ծառայությունը հայ ժողովրդին:
Panorama.am-ի փոխանցմամբ՝ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ճամփորդություն Հայ տպագրության քառուղիներով` նվիրված Ոսկան Երևանցու 400-ամյակին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը:
Ինչպես նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ոսկանյան գրքերի հատուկ ցուցադրություն, որի ընթացքում այցելուներին հնարավորություն կընձեռնվի տեսնել ինչպես Մատենադարանի, այնպես էլ Հայաստանի և արտերկրի մի շարք գրադարաններում ու թանգարաններում պահվող Ոսկանյան հրատարակությունները: Առանձին ցուցադրություններով կներկայացվեն նաև Ոսկանի գրահրատարակչական գործունեության շնորհիվ զարգացած արվեստները՝ զարդարվեստ, փորագրական արվեստ:
«Տեղի կունենա նաև «Ոսկան Երևանցի. Ճամփորդություն Հայ տպագրության քառուղիներով» խորագրով երկօրյա սեմինար, որի ընթացքում ոլորտի մասնագետները ելույթ կունենան զեկույցներով, այդպիսով, գիտական շրջանակների համար նորովի կներկայացվի Ոսկան Երևանցու դերը՝ թե´ հայ ժողովրդի պատմության, թե´ հայ-եվրոպական մշակութային փոխառնչությունները նորովի բացահայտելու առումով, ինչն էլ հետագայում նոր ուսումնասիրությունների առիթ կհանդիսանա»,-նշեց նա:
Զեկուցումները կբացահայտեն Ոսկան Երևանցու գրահրատարակչական գործունեությունը, որը բեկում է մտցրել հայկական տպագրության զարգացման ընթացքի մեջ: Ոսկան Երևանցին ստեղծել է անընդմեջ գործող հայկական գրահրատարակչություն, տպագրական դպրոց, որտեղ սովորած վարպետները տարբեր քաղաքներում հիմնել են հայկական նոր տպարաններ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվող հատուկ ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Ոսկան Երևանցու այն տպագիր աշխատանքները, որոնք պահվում են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, ինչպես նաև նրանից հետո հրատարակված հազվագյուտ հնատիպ գրքեր: Ցուցադրության մաս կկազմեն նաև Ոսկան Երևանցուն առնչվող արխիվային փաստաթղթերը: