Երևանյան գունազարդ վազքը խոստանում է լինել մասնակիցների կյանքի ամենաուրախ 3 կիլոմետրը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/timthumb.jpg)
Երևանում առաջին անգամ օգոստոսի 15ին կացկացվի խելահեղ ու գունազարդ վազք: Այս միջոցառումն անցկացվել է աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան, վերջապես այն արդեն հասել է Հայաստան: Միջոցառման կազմակերպիչը Run Armenia նախագիծն է:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով runarmenia.org կայք, սա վազք է, որտեղ տարիքը և սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի: Yerevan Color Runը խոստանում է լինել մասնակիցների կյանքի ամենաուրախ և զվարթ երեք կիլոմետրը:
Վաղ առավոտյան բոլոր մասնակիցները հանդիպում են Մարզահամերգային համալիրի տարածքում, ֆիթնես նախավարժանքի միջոցով տաքացնում են մկանները և պատրաստվում ամենասպասված մեկնարկին: Այնուհետև վազքուղու ամբողջ ընթացքում ոտքից գլուխ լցվելու են գունավոր և բացարձակ անվնաս փոշեներկեր, որից հետո վազքուղու վերջում մասնակիցները պարզապես չեն ճանաչի ոչ իրենց ընկերներին, և ոչ էլ իրենք իրենց: Սա զվարճալի վազք է, մասնակիցների արդյունքները չեն չափվելու, բայց, այնուամենայնիվ, վազքուղին առաջինն անցած երեք տղաները և աղջիկները կպարգևատրվեն մրցանակներով: Վազքից հետո սպասվում է երաժշտական գունազարդ հրավառություն և պար:
Yerevan Color Runի նպատակներից մեկը իննամյա Գոռին օգնություն ցուցաբերելն է: Գոռի ծնողները հրաժարվել են նրանից դեռ ծննդատանը՝ հասցնելով տալ նրան գեղեցիկ հայկական անուն և ազգանուն: Գոռը ծնվել է ողնուղեղի շատ բարդ վնասվածքով, որի հետևանքով նա չի կարողանում քայլել, և ունի այլ հիվանդություններ: Yerevan Color Runից ստացված դրամական միջոցների մի մասը ուղղվելու է Գոռի վիրահատման ծախսերին և հարմարավետ սայլակի ձեռքբերմանը:
Միջոցառումը կմեկնարկի օգոստոսի 15ին՝ առավոտյան ժամը 7ին, Մարզահամերգային համալիրում: Վազքին կարող են մասնակցել 14 տարեկանը լրացած բոլոր անձինք: Վազքի մասնակիցների առավելագույն քանակը 3 հազար մարդ է: Մասնակցության արժեքն է 3 հազար դրամ: