Անկարայի եւ Վատիկանի միջեւ լարվածությունը կխորանա, երբ Պապը սրբադասի սպանված կրոնականին. La Stampa

Կաթոլիկ աշխարհի կրոնական առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստվում է սրբադասել 1915 թվականին Մարդինում սպանված կաթոլիկ կրոնական, ասորի արքեպիսկոպոս Միխայելիս Ֆլավիանուս Մելկիին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իտալական ազդեցիկ La Stampa թերթն այդ առնչությամբ գրում է, որ այդ ձեռնարկումն ավելի կլարի Վատիկան Անկարա առանց այն էլ լարված հարաբերությունները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում կազմակերպված պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը Թուրքիայից պահանջել էր ճանաչել Օսմանյան կայսրության փլուզման շրջանում կատարված ցեղասպանությունը, ինչից հետո երկու երկրների միջեւ ծագած ճգնաժամից հետո Անկարան հետ էր կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին:
Ֆրանցիսկոս պապը սպանության 100-րդ տարելիցին կրոնական Մելկիին համարում է ցեղասպանության զոհ: Մելկին թուրքական իշխանությունների կողմից ձերբակալվել է 1915 թվականի օգոստոսի 29-ին, եւ իսլամ չընդունելու համար գնդակահարվել հայ կաթոլիկ կրոնական Ժակ Աբրահամի հետ միասին:
Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ դավանանքի համար մարդու գնդակահարությունն անընդունելի հանցագործություն է, եւ Սրբադասման հանձնաժողովին խնդրել պատրաստել նրան սրբադասելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ըստ իտալական թերթի` Մելկիի սրբադասման արարողությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա հոկտեմբերին:
La Stampa-ն Պապի այդ որոշումը մեկնաբանել է որպես Մերձավոր Արեւելքում քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացվող հանցագործությունների եւ հալածանքների հետ կապված աղմուկ հարուցող հակազդեցություն: Ավելի վաղ` 2001 թվականին Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապն Օսմանյան կայսրությունում սպանված հայ կաթոլիկ կրոնական Իգնազիո Մալոյանին եւս դասել էր սրբերի շարքին: