Տեղի ունեցավ սփյուռքահայ դաշնակահարներ Միքայել Հայրապետյանի և Րաֆֆի Պետրոսյանի համերգը

Օգոստոսի 5-ինն ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ սփյուռքահայ դաշնակահարներ Միքայել Հայրապետյանի (ՌԴ) և Րաֆֆի Պետրոսյանի (Կանադա) «Հայկական երաժշտության երեկո» խորագիրը կրող համերգը, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը:

 Կանադահայ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը կատարեց հայկական դասական և ժողովրդական երաժշտության սիրված և հայտնի նմուշներ՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալան Հովհաննեսի և Ալեքսանդր Ալեքսանյանի ստեղծագործություններից:

 Ծագումով պոլսահայ երաժիշտը՝ Րաֆֆի Պետրոսյանը մասնագիտությամբ շինարար-ճարտարագետ է և զբաղվում է բարեգործությամբ, ինչպես նաև իսլամացած հայերին իրենց հայրենիքին, հայ մշակույթին ծանոթացնելու ծրագրեր է իրականացնում:

 Հյուսիսային Ամերիկայում ունեցած բազմաթիվ համերգներից և ձայնասկավառակների վաճառքից ստացված հասույթը նա տրամադրել է Հայաստանում և Արցախում դպրոցների, ճանապարհների և ջրատարների կառուցման ծրագրերի իրականացմանը, անձամբ իր մասնակցությունն է ունեցել նաև՝ որպես շինարար-ճարտարագետ:

 Վերջին տարիներին Ր. Պետրոսյանը մասնակցել է Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցու վերականգնման ծրագրին, հանդես եկել այլ նախաձեռնություններով: 2014թ. նա կազմակերպել է Դիարբեքիրի 50 ծպտյալ հայերի այցը Հայաստան և մասնակցությունը Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին՝ որպեսզի նրանք վերագտնեն իրենց լեզուն, մշակույթը և վերադառնան իրենց ազգային արմատներին: 2015թ. նույն առաքելությամբ Րաֆֆի Պետրոսյանը Հայաստան է եկել և կազմակերպել է 87 իսլամացած հայերի մասնակցությունը ծրագրին:

 Միքայել Հայրապետյանի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և Էդվարդ Աբրահամյանի ստեղծագործությունները:

 Միքայել Հայրապետյանը ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև ասպիրանտուրան: Նա համերգներով հանդես է եկել եվրոպական, ասիական և ամերիկյան բեմերում` տարածելով հայ դասական երաժշտությունը` այդ թվում նաև հայ կոմպոզիտորների՝ աշխարհին դեռևս անհայտ ստեղծագործությունները:

 Մ. Հայրապետյանը նաև «Հայաստանի գաղտնիքներ» նախագծի հիմնադիրն ու գլխավոր պրոդյուսերն է: Նախագծի շրջանակներում աշխարհի լավագույն համերգասրահներում տեղի են ունենում բազմաթիվ համերգներ: Հատկանշական է Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ սրահում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Ռուսաստանի հայկական երիտասարդական կոնգրեսի կազմակերպած հայկական դասական երաժշտության համանուն երեկոն, որը տեղի է ունեցել ՌԴ մշակույթի նախարարության և Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի աջակցությամբ։

 Ողջունելով սփյուռքահայ արվեստագետներին` նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանի և նախարարության անունից, կարևորեց Հայրենիքում համերգային ծրագրով համատեղ հանդես գալու և նման հաճելի զգացողություններ պարգևելու համար: Նա մասնավորապես ասաց. «Դուք կարողանում եք հայ երաժշտությունը տարածել աշխարհում և օտար հանդիսատեսին հասու դարձնել մեր թախիծն ու ուրախությունը, մեր արցունքներն ու մեր պայքարի ոգին, կուզենայի, որ դուք այսպիսի համերգներով հանդես գաք նաև Մուշում, Սասունում և ևս մեկ անգամ ապացուցեք, որ մեր ժողովրդին անհնար է ծնկի բերել»:

 Նախարարի տեղակալը սփյուռքահայ դաշնակահարներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր. Միքայել Հայրապետյանին՝ Հայաստան-Սփյուռք մշակութային գործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար, իսկ Րաֆֆի Պետրոսյանին՝ հայապահպանությանը, հայ մշակույթի զարգացման ու տարածմանը նպաստելու, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար:

d1d3 d5d2

Scroll Up