«Արևմտահայերենի և արևելահայերնեի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովն ամփոփեց իր աշխատանքները

Հուլիսի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում աշխատանքները շարունակեց  ՀՀ սփյուռքի նախարարության և  ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացվող «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը:

 Նիստը վարում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և  Բեյրութի «Բագին» ամսագրի գլխավոր խմբագիր Յակոբ Պալյանը:

 ՀՀ  ԳԱԱ  Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի Սփյուռքի բաժնի արևմտահայերենի խմբի աշխատակից Սուսաննա Տիոյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Լոս Անջելեսի խմբի ուղերձը (ղեկավար` Արտեմ Սարգսյան): Ողջունելով համաժողովը կազմակերպելու նախաձեռնությունը՝ hեղինակները արծարծում են իրենց պատկերացմամբ հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման խնդիրներն ու ուղիները, նրանք գտնում են, որ մերձեցումը գերազանցապես առնչվում է բառապաշարի ոլորտին, տերմինաբանությանը, նորաբանությունների ոլորտում կիրառվելիք սկզբունքներին, ուղղագրությանը և լեզվական այլ իրողությունների: Նրանք համոզմունք են հայտնում, որ գործընթացը չպետք է կայանա լեզվի ճյուղերից որևէ մեկի հաշվին: Խումբն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցմանը նպաստող ձեռնարկներին:

 Սուսաննա Տիոյանը ներկայացրեց նաև իր՝ «Արևմտահայերենի ուսումնասիրության մի քանի հարցեր» թեմայով զեկուցումը:

 ՀՊՄՀ հայոց լեզվի տարրական ուսուցման ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանն անդրադարձավ արևելահայերեն գեղարվեստական վավերագրության արևմտահայերեն տարրերին:

 Լիբանանահայ գրող, մանկավարժ, արևմտահայերեն դասագրքերի հեղինակ Հարություն Քյուրքճյանի «Արեւելաայերեն եւ արեւմտահայերեն լեզուաճիւղերի. Մերձեցումի կարելին ու անկարելին» թեմայով զեկուցումը ընթերցեց Փարիզի «Նոր յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքյանը: Զեկուցման հեղինակը՝ վկայակոչելով սեփական փորձը,  ուղենշում է մերձեցման հնարավորությունները, որոնք հիմնված են հայոց լեզվի և հայ մշակույթի անվիճելի միասնության և նրա անցած բազմադարյա պատմության վրա:

 ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի աշխատակից Քնարիկ Աբրահամյանի զեկուցումն առնչվում էր հանրակրթական դպրոցում արևմտահայերենի դասավանդման արդի մարտահրավերներին, նա ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր դիտարկումները:

 «Այլ կերպ» խաղի հեղինակներ Էլինա Մելիքյանը, Անահիտ Հակոբյանը և Սոֆյա Խաչատրյանը (ԵՊՀ) պատկերաշարով ցուցադրեցին մտավոր-ժամանցային խաղերի միջոցով  հայերենի պահպանմանն ու կիրառմանը միտված իրենց ծրագիրը:

 Հայաստանի հանրակրթական դպրոցներում արևմտահայերենի դասավանդման խնդիրների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ԵՊԼՀ դասախոս Գայանե Գևորգյանը:

 Ելույթ ունեցան նաև սփյուռքյան կրթօջախների ուսուցիչներ՝ Փարիզի «Մկնիկ» աշխատանոցի տնօրեն Արմինե Գրիգորյանը («Արևելահայերենի և արևմտահայերենի միատեղ և զուգահեռ շփումն ու զարգացումը») և Լիբանանի Զմմառի Երանելի Իգնատիոս Մալոյեան Դպրեվանքի և Ս. Միքայէլ Ընծայարանի ուսուցչուհի Սօսէ Փիլավճեանը («Միթէ վերջին պոյետն եմ ես». Մայրենին անաղարտ պահել»):

 ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ Մայրանուշ Շահումյանը անդրադարձավ արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման ու միավորման վերաբերյալ տարբեր լեզվաբանների մոտեցումներին, բանավեճերին ու կարծիքներին, մասնավորապես խնդրի վերաբերյալ Հր. Աճառյանի աշխատություններում տեղ գտած ուսումնասիրություններին ու արծարծումներին:

 Զեկուցումների շարքը եզրափակվեց ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող Անահիտ Քարտաշյանի «Դիտարկումներ արդի արևմտահայ իրականության մեջ գործառվող անձնանունների վերաբերյալ» հետազոտության ներկայացմամբ:

 Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում:

 Համաժողովի աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ խոսքով հանդես եկան իրենց տպավորությունները, դիտողություններն ու առաջարկները ներկայացրեցին Սուրեն Դանիելյանը, Հիլդա Փանոսյան-Գալֆայանը, Նշան Որբերյանը, Հակոբ Պալյանը, Ժիրայր Չոլաքյանը, Մանվել Ադամյանը և այլք:

 Մասնակիցների հարցերին պատասխանեցին  Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

 Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին, որ ընդառաջեցին հրավերին և իրենց փորձը, կարողություններն ու հնարավորությունները ներդնելու պատրաստակմությամբ եկան մասնակցելու այս չափազանց կարևոր ձեռնարկին, հանդես եկան դիտողություններով, առաջարկություններով ու նոր գաղափարներով, ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին:

 Նախարարը նշեց, որ սա սկիզբ էր, թերևս առաջին գործնական քայլն էր, որ արվեց հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման ուղղությամբ: Խնդրի լուծման նպատակով հաջորդ քայլը պետք է լինի երեք տարբեր հանձնախմբերի ստեղծումը, որոնք՝ օգտագործելով տեղեկատվական արդի հնարավորությունները կաշխատեն տարբեր եղանակներով, նիստեր կհրավիրեն, կկազմակերպեն քննարկումներ, կհրապարակեն հոդվածներ և կներկայացնեն կոնկրետ առաջարկներ ու խնդիրների լուծման ուղիներ:

nn1n2n3n4n5

Scroll Up