Արամ Ա. կաթողիկոսն այցելեց նորընտիր Հայ Կաթողիկէ Կաթողիկոս-Պատրիարքին

Հուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այցելեց Զմմառի վանք՝ գահակալության առիթով շնորհավորելու նորընտիր Հայ Կաթողիկէ Գրիգոր-Պետրոս Ի. Կաթողիկոս-Պատրիարքին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Լիբանանի իր աղբյուրներից:
Նորին Սրբությանն ուղեկցում էին Լիբանանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Շահե եպս. Փանոսյանը, Բերիո թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Շահան եպս. Սարգիսյանը, Տպարանի տեսուչ գերաշնորհ Տեր Նորայր եպս. Աշըգյանը և Միջեկեղեցական բաժնի վարիչ գերապատվելի Տեր Հուսիկ Ծայրագույն վրդ. Մարտիրոսյանը:
Նորընտիր Պատրիարքը դիմավորեց Արամ Ա-ին և «Հրաշափառ»-ի ուղեկցությամբ առաջնորդեց Մատուռ: Ապա վանքի հանդիսությունների սրահում Վեհափառ Հայրապետը շնորհավորեց Գրիգոր-Պետրոս Ի. Կաթողիկոս-Պատրիարքին և շեշտեց միասնաբար գործակցության հրամայականը՝ հատկապես Միջին Արևելքում ստեղծված ներկա իրավիճակում:
Նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքը շնորհակալություն հայտնեց Արամ Ա-ին այցելության համար և նշեց, որ Վեհափառ Հայրապետի հովվապետության քսանամյա փորձառությունից մեծապես պետք է օգտվի՝ այս դժվարին պայմաններում ժողովրդին հովվելու առաքելության մեջ: