Հուլիսի 31-ից ջերմաստիճանը կհատի 40 աստիճանի սահմանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/07/jjjjjjj-300x225.jpg)
Հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրանալու է, քանի որ Հայաստանի տարածքին մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքները։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Tert.am -ին տեղեկացրել է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նա հայտնեց, որ այդ օրերին Արարատյան դաշտում, Երևանում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի, ոչ ծառածածկ հատվածներում՝ 41 աստիճանի:
«Այդ օրերին գրանցվելու է խոնավության անկում, բույսերի մոտ նկատվելու է արագ ջրազրկում»,- ասաց նա և հորդորեց գյուղատնտեսներին արագացված ոռոգում կատարել, որ բույսերը չջրազրկվեն։
Իսկ մարդկանց մասնագետը խորհուրդ տվեց խուսափել ակտիվ գործունեությունից, ժամը 13:-17:00-ն ընկած հատվածում խուսափել արեգակի անմիջական ճառագայթներից, ընդունել շատ հեղուկներ։
«Այս օրերին նաև քամիներն են դադարելու, երեկոյան ժամերին բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։ Եթե այս օրերին ժամը 19:00-22:00-ին գրանցվում է 28-30 աստիճան տաքություն, հուլիսի 31-ից կգրանցվի 34-35 աստիճան տաքություն, ինչը բարձր ջերմաստիճան է այդ ժամերի համար»,- ասաց նա:
Գագիկ Սուրենյանն ասաց, որ սպասվում է տաք օգոստոս, ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայի սահմաններում:
«Այդ ամսվա տեղումների նորման շատ չնչին է՝ ընդամենը 9 մմ՝ մեկ նորմալ անձրև։ Օգոստոսի երկրորդ կեսին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի անկում»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է բարձր ջերմաստիճանի պատճառով պետական հիմնարկներում աշխատանքները դադարեցվեն, նա ասաց, որ այդ հարցով պետք է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ապա հավելեց, որ ինչքան իրեն հայտնի է, ՀՀ-ում համապատասխան օրենք չկա, որ 40-ից բարձր ջերմաստիճանի դեպքում աշխատանքները դադարեցվեն, բայց տրվում են լրացուցիչ ոչ աշխատանքային ժամեր։