Սփյուռքից ժամանած խմբավարներն ու պարուսույցները հանդիպեցին Գագիկ Մխիթարյանի հետ
Հունիսի 22-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացների մասնակիցները հանդիպեցին Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Գագիկ Մխիթարյանի հետ: Հանդիպման սկզբում վերջինս դպրոցի մասնակիցներին ծանոթացրեց միության ստեղծման պատմությանը, անցած ուղուն, ներկայացրեց ծավալած գործունեությունն ու ձեռքբերումները:
Կարևորելով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը` պարոն Մխիթարյանը նշեց. «Կարծում եմ` նման հանդիպումները կարելի է ընդհանուր մեթոդական քննարկում համարել, որի ընթացքում կփորձեմ ձեզ հետ կիսվել իմ կենսափորձով և մասնագիտական խորհուրդներ տալ: Իմացե՛ք, որ հայկական ազգային պարերը բոլոր ժամանակներում ուղեկցել են հայ ժողովրդին: Ձեր համայնքում հայ երիտասարդներին սովորեցնելով հայկական պարերը՝ օգնում եք նրանց, որ այդ միջոցով նույնպես կարողանան պահպանել իրենց ինքնությունը: Շարունակե՛ք ձեր ազգանվեր առաքելությունը»:
Ծրագրի մասնակիցներին ներկայացվեց նաև Հայաստանի պարարվեստի գործիչների միության անդամ դառնալու կարգը, որից հետո շատերը ցանկություն հայտնեցին անդամագրվել միությանը:
Այնուհետև Գագիկ Մխիթարյանը պատասխանեց Սփյուռքից ժամանած ազգային երգի ու պարի խմբավարներին, պարուսույցներին հուզող հարցերին, լսեց նրանց առաջարկները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նոր համագործակցություններին, համատեղ իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: