Ալիև․ «Պետք է մերկացնենք հայկական քարոզչությունը»

«Մենք պետք է մերկացնենք հայկական քարոզչությունը, հասցնենք միջազգային հանրությանը, թե ինչ է կանգնած մեզ վրա այդ հարձակումների հետևում», – այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ արձագանքելով իր երկրում մարդու իրավունքների վիճակի հետ կապված միջազգային ահագնացող քննադատությանը:

Ադրբեջանի մամուլի խորհրդի վարչության անդամների հետ հանդիպման ժամանակ Ալիևը իրենց դեմ «հայկական լոբբիի այդ գործունեությունը» բացատրել է, առաջին հերթին, «թշնամանքով»․ – «Մենք հայկական լոբբի համար հավերժ թշնամիներ ենք, թող ոչ ոք երբեք չմոռանա դա»:

Բացի այդ, ըստ նրա, «հայկական լոբբին ձգտում է ապացուցել, իբր Ադրբեջանում չկա ժողովրդավարություն»: «Հայկական լոբբին ձգտում է ապացուցել, իբր Ադրբեջանում խախտվում են մարդու իրավունքները, այդպիսով՝ հայկական փոքրամասնությունը ապագայում չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, դա լիակատար անհեթեթություն է: Ադրբեջանը բազմազգ և բազմադավան երկիր է», – APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը:

«Այդ քարոզչության և հակաադրբեջանական արշավի հետևում կրկին կանգնած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այդ պատճառով մենք պետք է աշխարհի մեդիա օրգաններին ներկայացնենք Ադրբեջանը որպես ժամանակակից զարգացող բաց, հանդուրժողական երկիր: Դրա հետ մեկտեղ, մենք պետք է լայնորեն լուսաբանենք ինչպես հայ – ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը, այնպես էլ դրա պատմական իրողությունները, Ադրբեջանի դիրքորոշումը և ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակը», – հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Scroll Up